Միջազգային մամուլը հաճախ է անդրադարձել Իրաքում եւ Սիրիայում զավթած տարածքներում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման ջիհադականներին Թուրքիայի կողմիցբազմապիսի օգնություն եւ աջակցություն ցուցաբերվելու մասին: Թուրքիայի' ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին սատարելուն հերթական հոդված է նվիրել նաեւ գերմանական «Շպիգել» հանդեսը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդեսն իր վերջին համարում հրապարակած «Ալլահի անաստված բանակը» վերնագրով հոդվածում ապացույցներ է բերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկակի քաղաքականության եւ ԻԼԻՊ-ին ցուցաբերած աջակցության մասին:
Հանդեսը գրում է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի քրդաբնակ Քոբանիի շրջանում քրդական ինքնավարության ստեղծվելուն:
«Այնթապում ունեցած ելույթում Էրդողանը հայտարարեց, որ PKK-ին (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) եւ ԻԼԻՊ-ին ահաբեկչական կազմակերպություններ է համարում: Իսկ դա նշանակում է, որ PKK-ն Թուրքիայի կառավարության աչքին դեռեւս շարունակում է մնալ որպես գլխավոր թշնամի: Այնինչ, տարիներ շարունակ Էրդողանը քրդական խնդրի կարգավորման գործընթաց է վարում: Միեւնույն ժամանակ Թուրքիան խոչընդոտում է իր հարավարեւելյան շրջաններում քրդերի ինքնավարության ստեղծմանը: Այս երկու ռազմավարության մի ոտքը Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումն է, մյուս ոտքը' քրդերին իր ձեռքում պահելը, որպեսզի 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում օգտվի նրանց քվեներից», -գրում է հանդեսը:
Գերմանական հանդեսը գտնում է, որ Սիրիայի տարածքում իր սահմանի մոտ անվտանգության գոտու ստեղծելու Թուրքիայի իրական նպատակը ԱՄՆ-ին տարածաշրջանում պատերազմի մեջ ներքաշելն է:
Թուրքական կառավարության կողմից ԻԼԻՊ-ին ցուցաբերվող աջակցությունը հանդեսն ապացուցում է այն իրադարձություններով, որ Անկարան խոչընդոտում է քրդերին տրվող օգնությանը, եւ աշխատում է ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ. հոկտեմբերի 4-ին թուրքական Հաթայում վայրէջք են կատարել սաուդիներից եւ ուզբեկներից կազմված ԻԼԻՊ-ի 9 անդամներ եւ հանգիստ կերպով նստել թուրքական համարներով ավտոբուս ու մեկնել Սիրիա, սեպտեմբերի սկզբին Իրաքում սպանված ԻԼԻՊ-ի որոշ անդամների մոտ թուրքական արտադրության սպառազինություն է հայտնաբերվել, սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ի կողմից Սիրիայում ԻԼԻՊ-ի վրա հարձակումների ժամանակ զոհվել էր Թուրքիայի մարդասիրական օգնության հիմնադրամի մի աշխատակից:
Հոդվածում հանդեսը մեջբերել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետեւյալ արտահայտությունը. «Որպես ՆԱՏՕ-ի անդամ, մերձավորարեւելյան ճգնաժամում Թուրքիան պետք է ընտրի իր գերակայությունը»: