Իրաքում եւ Սիրիայում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման իրագործած հարձակումների եւ գազանությունների ազդեցության տակ Թուրքիայում նվազել է կառավարության արտաքին քաղաքականության նկատմամբ քաղաքացիների վստահությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» թերթը, Թուրքիայի ռազմավարական եւ սոցիալական հետազոտությունների MetroPol կենտրոնի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Իրաքի եւ Սիրիայի հարցում թուրքական կառավարության քաղաքականության նկատմամբ քաղաքացիների աջակցությունը 44-ից ավելի տոկոսից նվազել եւ հասել է, համապատասխանաբար, 28 եւ 27 տոկոսի, այդ երկրների հարցում վարվող քաղաքականության նկատմամբ աջակցությունը նվազել եւ 30 տոկոսի է հասել անգամ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամների շրջանում:
Ըստ թերթի' ամենահետաքրքիրն այն է, որ MetroPol-ի կատարած հետազոտությունների համաձայն' հարցվածների 51 տոկոսից ավելին համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի կառավարությունը գաղտնի կերպով ռազմական եւ թիկունքային աջակցություն է ցուցաբերել ԻԼԻՊ-ի զինյալներին:
Հարցվածների 71 տոկսը ԻԼԻՊ-ին ահաբեկչական կազմակերպություն են համարել, 51 տոկոսը վստահություն են հայտնել, որ ԻԼԻՊ-ն ստեղծվել եւ կազմավորվել է Թուրքիայում, բացի այդ, հարցման ենթարկվածների 49 տոկոսը հավանական են համարել, որ ԻԼԻՊ-ի, «Ալ Քաիդա»-ի եւ «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների զինյալները կարող են ահաբեկչական գործողություններ իրագործել Թուրքիայի տարածքում: