Լիբանանում գործող «Հզբոլլահ» կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Սիրիայի եւ Իրաքի բռնազավթված տարածքներում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորմանն աջակցում են Թուքիան եւ Քաթարը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հզբոլլահ»-ի առաջնորդը հայտարարել է Լիբանանո ւմ հրապարակվող «Ալ Ահբար» թերթին տված հարցազրույցում:
Մեղադրելով Թուրքիային եւ Քաթարին ԻԼԻՊ-ին տարբեր տեսակի աջակցություն ցուցաբերելու մեջ' Նասրալլահը լիբանանյան քաղաքական կուսակցություններին էլ քննադատել է Սիրիայում գտնվող զինված խմբերին աջակցելու համար:
«Թուրքիան ու Քաթարն աջակցում են ԻԼԻՊ-ին, իսկ Սաուդյան Արաբիան վախենում է ԻԼԻՊ-ից: Իսլամիստ ահաբեկիչներին աջակցում են նաեւ թեքֆիրչի (անհավատ, աստվածանարգ) մտածողությամբ բոլոր երկրները, ինչպիսիք են Հորդանանը, Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի երկրները», -ասել է նա:
Նասրալլահը վստահեցրել է, որ իրենք մինչեւ վերջ պայքարելու են ԻԼԻՊ-ի դեմ եւ պաշտպանելու են երկրի բոլոր քաղաքացիներին' մահմեդականներին, քրիստոնյաներին եւ բոլոր կրոնական փոքրամասնություններին:
Ամերիկյան CNBC հեռուստաալիքը հայտնել է, որ ԻԼԻՊ-ի վիրավոր զինյալները բուժում են ստանում Թուրքիայում: Անդրադառնալով ԻԼԻՊ-ի ղեկավարների հետ Թուրքիայի ունեցած կապերին' հեռուստաալիքը հայտնել է, որ այն դեպքում, երբ ԻԼԻՊ-ի զինյալները կոտորածներ են իրականացնում Իրաքում եւ Սիրիայում, Թուրքիան թիկունքային աջակցություն է ցուցաբերում ահաբեկիչներին:
Հեռուստաալիքի կայքում հրապարակված «Ինչու՞ է Թուրքիան աջակցում Իրաքում իսլամական պետության զինյալներին» վերտառությամբ հոդվածում ամերիկյան հեռուստաալիքը հայտնել է, որ Թուրքիան իսլամիստ ահաբեկիչներին աջակցում է Մարդու իրավունքների թուրքական կազմակերպության միջոցով: Հեռուստաալիքը վստահեցրել է, որ այդ կազմակերպության միջոցով իսլամիստներին զենք են մատակարարել Թուրքիայի նախկին վարչապետ եւ ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն' Բիլալ Էրդողանին պատկանող հիմնադրամները:
Նշվել է, որ մարդու իրավունքների թուրքական կազմակերպությունը ֆինանսավորողներից մեկն էլ Ալ Կաիդային կից սաուդարաբացի գործարար Յասին Ալ Քադին է, ով նույնպես համագործակցում է Բիլալ Էրդողանի հետ:
Ամերիկյան հեռուստաալիքը նաեւ հայտնել է, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչ իսլամիստների' Թուրքիայում բուժման ծախսերը հոգում է այդ երկրի առողջապահության նախարարությունը: ԻԼԻՊ-ի հետ Թուրքիայի ունեցած կապերի մասին ավելի վաղ հայտնել են նաեւ «Վաշինգտոն փոստ» եւ «Ջերուսալեմ փոստ» թերթերը: