Քաթարը մինչեւ մեկ միլիարդ դոլարի չափով փրկագին է վճարել Էմիրի ընտանիքի անդամների համար, որոնց պատանդ էին վերցրել Իրաքի տարածքում: Այդ մասին հունիսի 6-ին հայտնել է The Financial Times (FT)-ը՝ վկայակոչելով գործարքին մասնակցած աղբյուրներ:
Զինված կազմավորումների եւ տարածաշրջանային իշխանությունների տեղեկատվությամբ՝ Դոհայում հարկադրված են եղել փրկագին վճարել այն 26 հոգու համար, որոնք Իրաքի հարավում մասնակցել են բազեներով որսին, եւ այն 50 զինվորականների համար, որոնց իսլամիստներն առեւանգել էին Սիրիայում: Պնդում են, որ Քաթարը վճարել է Մերձավոր Արեւելքում երկու ամենալուրջ ուժերի. Սիրիայում «Ալ Քաիդայի» ստորաբաժանումներից մեկին եւ Իրանի հատուկ ծառայությունների աշխատակիցների: Գործարքը տեղի է ունեցել ապրիլին:
Փրկագնի վերաբերյալ տեղեկությունները հայտնվել են չորս արաբական պետությունների արտակարգ քայլի ֆոնին. հունիսի 5-ին Բահրեյնը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով իսլամիստներին օժանդակելու մեջ: Նրանցից անմիջապես հետո Քաթարի հետ հարաբերությունները խզելու մասին հայտարարել են եւս մի քանի երկրներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: