Թուրքիայի Հաքքարի քաղաքի քաղաքապետ Լողման Օզդեմիրը հայտարարել է, որ Իրաքի եւ Սիրիայի հյուսիսային զավթված շրջաններում իսմալական պետություն հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման աջակից երկրների թվում է նաեւ Ադրբեջանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, ԻԼԻՊ-ի դեմ Հաքքարիում կազմակերպված բողոքի ակցիայում ունեցած ելույթում Օզդեմիրը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Չեչնիայի եւ Միջին Արեւելքի մի շարք երկրների կողմից աջակցություն ստացող ԻԼԻՊ-ը վերածվել է գործիքի' նրանց ու ԱՄՆ-ի, Իսրայելի, Անգլիայի, Ֆրանսիայի ձեռքում:
Թուրք քաղաքապետը Սաուդյան Արաբիայից պահանջել է անմիջապես դադարեցնել ԻԼԻՊ-ին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը:
Ուշագրավ է, որ Քաթարի ընդդիմությունը օրերս մի շարք փաստաթղթեր է հրապարակել, որոնցում հաստատվել է Թուրքիայի կողմից ԻԼԻՊ-ին արված ֆինանսական աջակցության չափը:
Քաթարի ընդդիմության տվյալներով' Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Քաթարի դեսպանատունը ահաբեկչական այդ կազմակերպությանը 2,5 մլն դոլար է փոխանցել: Այդ փոխանցման փաստաթղթի վրա առկա է Քաթարի արտաքին գործերի նախարարության կնիքը եւ նախարարության ֆինանսական վարչության ղեկավար Մուհամեդ Սաիդ ալ Թամինիի ստորագրությունը:
Քաթարի ԱԳՆ-ին հղած նամակում ընդդիմությունը հայտնել է, որ իրենք նաեւ փաստաթուղթ ունեն, որով բացահայտվում է, որ Թուրքիան ԻԼԻՊ-ի ահաբեկիչ մարտիկների ներկայացուցիչներին 1 մլն 375 հազար դոլար կանխիկ գումար է տվել, որը նրանք փոխանցել են կազմակերպության ղեկավարներին: