Մարզի Նոր Երզնկա համայնքի առօրյային տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն աշխատանքային այց է կատարել հիշյալ համայնք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտայքի մազպետարանի մամուլի ծառայությունից, Կոտայքի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին, այնուհետև հանդիպել է Նոր Երզնկա համայնքի ազգաբնակչությանը, լսել վերջիններիս կողմից բարձրացված հարցերն ու մտահոգությունները:
Այցելության շրջանակներում Նոր Երզնկա համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը Կոտայքի մարզպետին ներկայացրել է գյուղի մսուր-մանկապարտեզի շենքային պայմաները, ինչպես նաև գործունեության ուղղությունները: Մարզպետն այս հաստատությունում ծանոթացել է նաև մանուկների առօրյային՝ զրուցելով վերջիններիս հետ:
Այնուհետև Արամ Հարությունյանն այցելել է տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն, որտեղ ևս ծանոթացել է շենքային պայմաններին, ինչպես նաև հետաքրքրվել է համայնքի ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակով և հիվանդներին դեղորայքով ապահովելուն միտված աշխատանքներով: Ինչպես բուժ.հաստատության, այնպես էլ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին Կոտայքի մարզպետը հանձնարարել է նոր մոտեցումներ կիրառել դեղորայքային ապահովման գործընթացը պատշաճ և արդյունավետ կերպով կազմակերպելու ուղղությամբ:
Նոր Երզնկա համայնք կատարած այցելության շրջանակներում Կոտայքի մարզպետը ծանոթացել է նաև տեղի մշակույթի տան հնարավորություններին, գործող խմբակների աշխատանքներին, ինչպես նաև գրադարանում առկա գրականության ծավալներին:
Տեղի կրթօջախում ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը շրջել է դասասենյակներում, ինչպես նաև հաստատության ղեկավար կազմի հետ քննարկել նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ տարվող աշխատանքների ընթացքը' տալով մի շարք հանձնարարականներ: Համայնքի ավագանու և համայնքային ծառայողների հետ հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը լսել է վերջիններիս կողմից համայնքի զարգացմանը միտված առաջարկություններն ու առկա խնդիրները, այնուհետև անդրադարձել հիշյալ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ մարզպետարանի դիրքորոշումներին: