Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

 

«2014 թվականի օգոստոսի 7-ին՝ Չինարի գյուղի բնակիչ Արտուշ Պետրոսյանից հաղորդում է ստացվել՝ որդու՝ Կարեն Պետրոսյանի անհետ կորելու վերաբերյալ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Կ. Պետրոսյանը նույն օրը՝ առավոտյան ժամը 09-ի սահմաններում, գնացել է Չինարի գյուղին հարակից «Բարսեղի յալ» կոչվող հանդամաս՝ վառելափայտ բերելու և չի վերադարձել. Նա գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որից մեկ օր անց՝ օգոստոսի 8-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն տեղեկատվություն է տրամադրել Կ. Պետրոսյանի՝ գերության մեջ գտնվելու ընթացքում մահանալու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում քննության առարկա են դարձել հայ գյուղացու գերեվարման վերաբերյալ համացանցում հայտնված տեսագրությունները, որոնցում առկա են նրա նկատմամբ բռնության գործադրման փաստեր։

 

Քննություն է կատարվում՝ պարզելու ՀՀ խաղաղ բնակչի գերեվարվելու հանգամանքները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում՝ նրա՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը։

 

Միջոցներ են ձ եռնարկվում բռնարարքի հեղինակների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Օգոստոսի 7-ին 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները' հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից: Այնուհետև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Տավուշի շրջանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծակի անհայտ պատճառով մահացել է»:

 

Նախնական տվյալներով' Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Ներկայում Ադրբեջանի ՊՆ դատաբժշկական փորձագիտական եւ պաթոլոգոանատոմիական կենտրոնի Գյանջայի տարածաշրջանային բաժանմունքի փորձագետները, իբր, պարզում են հայ գերու մահվան իրական պատճառը: