Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիան, խաղաղ բնակչության և նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենայի վրա կրակելու դեպքերը պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից:
Այս մասին ասված է Իսպանիայի Սենատի բասկ պատգամավոր Այարտզա Ազուրտզայի և Կոնգրեսի անդամ Խոն Ինարիտուի կողմից «Արմենպրես»-ին տրամադրված համատեղ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանի վերջին գործողությունները միջազգային իրավունքի խախտումներ են և հակասում են հրադադարի ռեժիմի պահպանման Մինսկի խմբի պահանջներին: «Այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հաջողվել է՝ ստեղծել խաղաղ և ժողովրդավարական հասարակություն: Նրանք արժանի են անկախության և ազատության: Միջազգային հանրությունը պետք է լինի նրանց կողքին և կանգնեցնի Ադրբեջանի պատերազմական նկրտումները:
Ադրբեջանի շարունակող ագրեսիան վտանգի տակ է դնում հրադադարի պայմանագիրը, որը ստորագրվել է 20 տարի առաջ: Մենք պահանջում ենք Եվրամիությունից և անդամ երկրների կառավարություններից դատապարտել ադրբեջանական կողմի հարձակումները, որոնք վտանգի տակ են դնում այն կենսական աշխատանքը, որ կատարել է Մինսկի խումբը և ստիպել Ադրբեջանին դադարեցնել բռնությունները»,- ասված է բասկ պատգամավորների հայտարարության մեջ: