Մեկնարկեց «Շիրակի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրություն» երիտասարդ պատմաբանների հանրապետական դպրոցը:

 

Ոչ ֆորմալ կրթական այս գործընթացին, որը կանցկացվի Գյումրիում օգոստոսի 18-24-ը, մասնակցում է հանրապետության տարբեր վայրերից ժամանած ավելի քան 30 մասնակից՝ երիտասարդ պատմաբանների դպրոցի ունկնդիրները ՀՀ ԳԱԱ համակարգի և բուհերի մագիստրոսներ, հայցորդներ, ասպրանտներ, Շիրակի մարզի դպրոցների պատմության ուսուցիչներ են:

 

Նախա ձեռնության կազմակերպիչը ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնն է՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոցների աջակցություն» ծրագրի ֆինանսական օգնությամբ: Այս օրերի ընթացքում մասնակիցներին կներկայացվի Շիրակի պատմամշակութային ժառագությունը դասախոսությունների տեսքով, ինչպես նաև կկազմակերպվեն այցելություններ պատմական տարածքներ, վանական համալիրներ, թանգարաններ:

 

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սերգեյ Հայրապետյանը ողջունելով բոլոր մասնակիցներին բարի երթ մաղթեց երիտասարդ գիտնականների շիրակյան դպրոցին՝ համոզմունք հայտնելով, որ կենտրոնի գիտական ներուժը և կադրերի մասնագիտական բարձր պատրաստվածությունը թույլ կտա հնարավորինս արդյունավետ իրականացնել երիտասարդ հայագետների ամառային դպրոցի գործունեությունը՝ ամուր հիմքեր ստեղծելով հետագայում այն պարբերաբար կազմակերպելու համար:

 

Խոսելով երիտասարդ գիտնականների նմանատիպ դպրոցների անհրաժեշտության մասին՝ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ սա գերազանց հնարավորություն է տալիս երիտասարդ կադրերին լրացնելու իրենց գիտելիքները,հմտությունները, թարմացնելու այդ բազան և նույնիսկ հարակից գիտելիքներ ստանալ: «Շատ լավ է, եթե պատմաբանը, կամ պատմության ուսուցիչը տեղեկություն ստանա նաև ազգագրությունից կամ բանահյուսությունից, սրանք լրացուցիչ գիտելիքներ են, որոնք կհարստացնեն պատմության ուսուցչի, կամ ապագա ուսուցչի պատկերացումներն ու գիտել իքներն, ինչը, անշուշտ, կծառայի մի շատ բարի նպատակի՝ մարդու գիտական հմտությունների ավելի տեսաների լինելուն:

 

Հույս ունենք, որ այս օրերը կնպաստեն մասնակիցների լրացուցիչ գիտելիքների ավելացմանը և, եթե մինչ այս ուսանողները դեռ չեն որոշել թե գիտության, որ ճյուղով կշարունակեն ապագայում իրենց գործունեությունը, սա գերազանց հնարավորություն է նրանց ուղղուրդելու դեպի հայագիտություն»,-նշեց Սերգեյ Հայրապետյանը:

 

Դպրոցի գործունեության առաջին օրը ներկայացվեց «Ամառային դպրոցներն արդի բուհական կրթական համակարգում» թեման: Հաջորդ օրերի ընթացքում մասնակիցները կծանոթանան Շիրակի հայագիտության, արվեստի, հնագիտության, ավանդական երաժշտության, գրականության, կրթամշակութային արժեքների առավել ուշագրավ կողմերին:

 

Արմենուհի Մխոյան