Ռումինիայի Հայոց թեմը հաստատվել է 1401 թվականին, աթոռանիստը եղել է Սուչավա քաղաքում, այնուհետև հաստատվել է մայրաքաղաքում: Առաջնորդանիստը Սուրբ Հրեշտակապետաց Մայր Տաճարն է: Լինելով Եվրոպայի հնագույն հայկական գաղթօջախը և ունենալով շուրջ 1000 տարվա պատմություն, հայեր Ռումինիայում կառուցել են բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, դպրոցներ ու մշակութային կենտրոններ, թողել հարուստ պատմական ու մշակութային ժառանգություն: Ռումինիայում այսօր ունենք շուրջ տասնութ եկեղեցի, երկու վանք, մեկ բերդ, ութ հայկական գերեզմանոց: Շատ արժեքավոր նյութեր են պահպանվում, որոնք երբևէ չեն ուսումնասիրվել: Բուխարեստում գործում է շատ հարուստ թանգարան, գրադարան, որտեղ 2000 հնատիպ գիրք է պահվում, նախահովնաթանյան շրջանի 200-300 սրբանկար, որոնցից անգամ Էջմիածնում չկա, հարուստ եկեղեցական սպասք, 7 եկեղեցական վարագույր, որոնք մեծ արժեք են ներկայացնում, մոտավորապես 60 ձեռագիր, 300 տարվա արխիվ, 400 տարվա մյուռոն:
2011թ. ընտրվելով Ռումինիայի Հայոց Թեմի 42-րդ առաջնորդ, գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը նպատակ է դնում իր առջև լուսանկարելու բոլոր սրբանկարները, եկեղեցական սպասքերն ու իրերը, տապանաքարերը, ամբողջ նյութական ու հոգևոր ժառանգությունը, ուսումնասիրել դրանք և հրատարակել: Այդ առիթով 2013թ-ից առ այսօր թեմակալ առաջնորդի հրավերով Բուխարեստ են հրավիրվել մի շարք մասնագետներ, որոնք ուսումնասիրել են եղած նյութերը, ձեռագրերն ու արխիվը, լուսանկարել ու անհրաժեշտության դեպքում վերանորոգել վնասված իրերը:
Անցնող տարիների ընթացքում պատիվ ենք ունեցել հյուրընկալելու Ռումինիայի Հայոց Թեմից ներս արվեստաբան, մանկավարժ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Չուգասզյանին, ով պարբերաբար այցելել է Ռումինիա՝ հաշվառելու և ուսումնասիրելու համար տեղի հայկական եկեղեցիներում և թանգարաններում պահվող հայ արվեստի բազմաթիվ անհայտ ստեղծագործությունները:
Ռումինիայի Հայոց Թեմի հրավերով պարբերաբար այցելել և հետազոտական ու վերականգնողական աշխատանքներ են իրականացրել կանադահայ նշանավոր լուսանկարիչ Հրայր Բազեն, ով լուսանկարել է Թեմի գանձերի 80 տոկոսը և հաջորդ տարի նախատեսվում է Ռումինիայի Կրոնների նախարարության հովանավորությամբ լույս ընծայել ալբոմ-պատկերագիրք, որում ընդգրկված կլինեն Ռումինիայի հայ մշակութային ու հոգևոր ժառանգության գանձերն ու կոթողները: Հարկ է նշել, որ տարեսկզբին տեղի ունեցած Հրայր Բազեի վերջին՝ «Խաչքար» վերտառությամբ 516 էջանոց կոթողային աշխատանքի, պատգերագրքի շնորհանդեսը մեծ հաջողություն գրանցեց Հայաստանում և Սփյուռքում, ուր ընդգրկված են Հայաստանի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Կիլիկիայի, Ջավախքի հայկական խաչքարերը: Լուսանկարիչ, գրաֆիկական դիզայներ Լիլիթ Խաչատրյանը, ով այժմ ձևավորում է Պատմության թանգարանի հրատարակվող գրքերը, արվեստաբան Մարիամ Վարդանյանը, արվեստագիտության թեկնածու Սիրանուշ Մանուկյանը, որոնք աշխատում են Երևանի Պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության Յունեսկոյի ամբիոնում և ուրիշներ:
Վերոնշյալ գիտնականներից շատերը Ռումինիայում իրենց կատարած հետազոտությունների վերաբերյալ տպագրել են արժեքավոր հոդվածներ եվրոպական տարբեր հանդեսներում, հանդես եկել դասախոսություններով հայագիտական տարբեր ամբիոններում:
Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ, գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի ցանկությունն ու նպատակն է ոչ միայն ուսումնասիրել Թեմի ողջ հարուստ ժառանգությունը, այլ նաև հասանելի դարձնել տարբեր երկրներից ժամանող գիտաշխատողների ու հետազոտողների համար, հրապարակել ուսումնասիրություններ ու հոդվածներ տարբեր լեզուներով, լույս սփռել այդ հսկայածավալ ու արժեքավոր հարստության վրա՝ հանելով անցյալի մութ անկյուններից և մատուցելով գիտական բարձր մակարդակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվանից,
Աստծո օգնականությամբ նախապատրաստական, լուսանկարչական ու հետազոտական աշխատանքներն օրերս ավարտվեցին, որոնց տեսանելի և չափազանց կարևոր արդյունքը կդառնա վերը նշված ալբոմ-պատկերագրքի հրատարակությունը՝ նախատեսված գալիք 2018թ.: