Գյումրու համայնքային բյուջեի ֆինանսական միջոցներով վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Հ. Շիրազի տուն-թանգարանում: Մինչ այս ամբողջովին վերանորոգվել էր թանգարանի կտուրը, որի համար համայնքային բյուջեից հատկացվել էր 2 մլն 500 հազար դրամ գումար:

 

Անցած տարի, կրկին համայնքային բյուջեի հատկացումների հաշվին, համայնքային ենթակայության թանգարաններում տեղադրվեցին անվտանգության համակարգեր: Այդ նպատակով բյուջեից հատկացվեց 2 մլն 200 հազար դրամ գումար: Եւս 1 մլն 500 հազար դրամ գումարի շրաջանակում այս տարի արդեն մասնակի նորոգվել է Ասլամազյան քույրերի պատկերասրահը:

 

Սակայն այսքանով քաղաքում գործող թանգարանների խնդիրները չեն ավարտվում, առաջնային թանգարանների խոնավության վերացման և Ասլամազյան քույրերի պատկերասրահի կտուրի նորոգման խնդիրն է:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը, այս աշխատանքների իրականացման համար արդեն կազմված է նախահաշիվ՝ 3 մլն 500 հազար դրամի շրջանակներում:

 

Ընթացքի մեջ է պայմանագրերի կնքման գործընթացը, որից հետո կսկսվեն աշխատանքները: «Այս պահին ուզում ենք անել խիստ պարտադիր աշխատանքները, որոնք կնպաստեն թանգարանների գույքային ֆոնդերի պահպանմանը, իսկ մյուս աշխատանքերը կկատարվ են կամաց-կամաց՝ մեր ունեցած տնտեսումների հաշվին»,-նշեց Լենա Ջիլավյանը:

 

Քաղաքում գործող թանգարաններից համայնքային ենթակայության են Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները, Ասլամազյան քույրերի պատկերասրահը և նորաստեղծ «Կումայրի» արգելոց-թանգարանը, իսկ Գյումրու քաղաքային կենցաղի ու ժողովրդական ճարտարապետության թանգարանը և Մերկուրովի տուն-թանգարանը գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ:

 

Արմենուհի Մխոյան