Միացյալ Նահանգների օրենսդիրները շարունակում են իրենց ձայնը բարձրացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հրահրած ագրեսիայի դեմ: Այս անգամ ադրբեջանական սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Մասաչուսեթսի 5-րդ վարչական շրջանը ներկայացնող կոնգրեսական Քեթրին Քլարքը:
«Ես խորապես մտահոգված եմ վերջերս Ադրբեջանի՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի սանձազերծած ռազմական ագրեսիայի, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական անձանց և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության վրա դիպուկահարների գնդակոծությունների մասին հրապարակումներով: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չափազանց երկար է ապրել ադրբեջանական ագրեսիայի մշտական սպառնալիքի տակ: Բռնությունների այս արշավը խախտում է հրադադարը և սոսկ հանգեցնելու է նորանոր մարդկային կորուստների: Հակառակ բոլոր դժվարություններին՝ ԼՂ հայ ժողովուրդը կարողացել է ստեղծել կենսունակ ժո ղովրդավար հասարակություն, և ես սատարում եմ նրանց՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդամամբ, հայտարարել է կոնգրեսականը:
Հարևան Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները դատապարտող հայտարարություններով հանդես են եկել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Դեյվիդ Սիսիլինը, Ջուդի Չուն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների նախագահ Էդ Ռոյսը, ով ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ապագան պետք է որոշի Արցախի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով: