Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի մանկապարտեզներում շարունակվում է նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերման ծրագիրը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ գույք է ձեռք բերվել նաև նախորդ տարի:

 

«Մեր մանկապարտեզներում հիմնականում խորհրդային շրջանի գույք կար՝ սկսած խոհանոցային գույքից՝ սառնարաններ, սալօջախներ: Փառք Աստծո, և՛ անցյալ տարի, և՛ այս տարի լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Մենք մանկապարտեզներն արդեն ապահովել ենք սառնարաններով, սալոջախներով, կաթսաներով, էլեկտրական մսաղացներով, սառցախցիկներով»,- «Արմենպրես»- ի փոխանցամամբ, նշեց Գայանե Սողոմոնյանը:

 

Սողոմոնյանի խոսքով, գույքային բաշխումը շարունակվում է նաև այս տարի: Սեղաններ, աթոռներ, մահճակալներ են բաժանվում մանկապարտեզներին: «Երեխաներն ապահովված են սահմանված գույքով:

 

Մեծ նշանակություն ենք տվել նաև գունային ձևավորմանն ու ներդաշնակությանը»,-նշեց վարչության պետը՝ հավելելով, որ դա շատ կարևոր է մանկապարտեզներում ուսումնական գործընթաց կազմակերպելու համար:

 

Սողոմոնյանն ընդգծեց, որ մեծ ուշադրություն է դարձվում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին: «Մենք ունենք 82 երեխա, որոնք հաճախում են ներառական ուսուցում իրականացնող 6 մանկապարտեզ»,-հավելեց նա:

 

2013-14 թթ. ուսումնական տարում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզները դպրոց են ճանապարհել 8810 երեխա: 2013 թվականին նորոգվել է 28, 2014-ին՝ 23 մանկապարտեզ: 2013 թ. համայնքային բյուջեից 500 միլիոն դրամ է հատկացվել մանկապարտեզների համար տարատեսակ գույք և պարագաներ ձեռք բերելու նպատակով: 2014 թվականին հատկացվել է ևս 300 միլիոն դրամ: