Վթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում այսօր՝ օգոստոսի 23-ին' առավոտյան ժամը 11-ից, վերսկսվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

 

Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացվում էր պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների:

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ օգոստոսի 21-ի հանդիպման ժամանակ խոստացել էր, որ Հայաստանին գազամատակարարումը կվերականգնի առաջիկա 2-3 օրերի ընթացքում: