Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը զորակցության գիր է հղել համայն եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թահսիմ Բեգին, որը վերջինիս փոխանցվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջոցով: Վեհափառ Հայրապետի գրության մեջ ասված է.

 

«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցություններն ենք հղում Ձեզ այս օրերին Իրաքում եզդի ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցող զանգվածային կոտորածների կապակցությամբ: Մենք խորապես անհանգստացած ենք Իրաքի հյուսիսային շրջաններում իրականացվող անմարդկային բռնությունների և դրանց հետևանքով բազմաթիվ զոհերի առնչությամբ»:

 

Խստորեն դատապարտելով եզդի ժողովրդի դեմ իրագործվող ջարդերն ու բռնությունները' Ամենայն Հայոց կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ բազմադարյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը կտոկա և կհաղթահարի իր առջև ծառացած այս փորձությունը: Նորին Սրբությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանն ու կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար եզդիների ջարդերը Իրաքում:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որպեսզի վերահաստատվի խաղաղությունը Իրաքում և Իրաքի աստվածասեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ կյանքը հայրենի օջախներում: