Ադրբեջանում համոզված են, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու կարող է լուրջ խնդիր առաջացնել որոշ պաշտոնյաների համար, քանի որ նա Ադրբեջան է ժամանում նուրսիստների (արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի շարժում) հարցին վերջ դնելու նպատակով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը' նշելով, որ Էրդողանի Բաքու այց ի շեմին Ադրբեջանում իշխանությունը նոր հարձակումներ է սկսել նուրսիստների դեմ:

 

Թերթը պատահական չի համարում այն, որ նուրսիստների դեմ հարձակումներն իշխանությունը սկսել է իր վերահսկողության տակ գտնվող մամուլի էջերում, քանի որ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական թեմաներից մեկը դարձյալ լինելու են նուրսիստների նկատմամբ ճնշումները:

 

«Ավելի ճիշտ, Էրդողանը Ալիեւից պահանջելու է այդ հարցին վերջնական լուծում տալ: Այդ հարցը Էրդողանի եւ Ալիեւի միջեւ լրջորեն քննարկվել էր դեռեւս Թուրքիայի վարչապետի պաշտոնում Էրդողանի Բաքու կատարած այցի ժամանակ: Նուրսիստների դեմ ճնշումներն Ադրբեջանում սկսվեցին հենց այդ այցից հետո: Փակվեցին նուրսիստներին պատկանող դպրոցները, նուրսիստների հետ կապեր ունեցող իշխանության որոշ ներկայացուցիչներ պաշտոնանկ արվեցին: Սակայն, երեւում է, Էրդողանին այդ արդյունքները չեն բավարարում: Նա Ալիեւից պահանջում է «հարվածել» նաեւ Ադրբեջանում բիզնես ունեցող եւ այդ ցանցի հետ կասկածելի կապերի մեջ գտնվող չինովնիկներին: Այդ չինովնիկների մրցակիցները, օգտվելով Էրդողանի այցից, հարցը կրկին օարակարգ են բերել: Ներկայում նրանց հիմնական թիրախը Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR)-ի ղեկավար Ռովմագ Աբդուլլաեւն է: Ենթադրվում է, որ Էրդողանի այցը մի քանի պաշտոնյայի, այդ թվում' Ռովնագ Աբդուլլաեւի համար լուրջ խնդիր կարող է ստեղծել», -գրում է «Ազադլըգ»-ը:

 

Էրդողանը ծրագրել է Թուրքիայի նախագահի պաշտոնում Բաքու այցելել սեպտեմբերի 3-ին:

 

2014 թվականի ապրիլին Էրդողանի Բաքու այցից առաջ Ալիեւը աշխատանքից ազատել էր իր աշխատակազմի բաժիններից մեկի ղեկավար Էլնուր Ասլանովին, ում նա կասկածում է նուրսիստների հետ կապեր ունենալու մեջ:

 

«Ենի Մուսավաթ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակները Ադրբեջանի կառավարությանն են ներկայացրել նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմում եւ ադրբեջանական կառավարությունում բարձրաստիճան անձանց ցուցակը, որոնք նուրսիստների կրոնական աղանդի անդամներ են կամ կապեր ունեն դրա հետ: Ֆեթուլլահ Գյուլենի աղանդի կողմից «հավաքագրված» չինովնիկների ցուցակում նշված են նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի, փոխնախագահ Խալիգ Մամեդովի, կրոնական կառույցների հետ աշխատանքների գծով Պետկոմիտեի նախագահ Էլշադ Իսքենդերովի, նրա տեղակալ Գյունդուզ Իսմայիլովի, Երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովի, փոխնախարար Ինթիգամ Բաբաեւի, պատգամավորներ Գանիրա Փաշաեւայի, Նիամի Ջաֆարովի, Ջեյհուն Օսմանլըի, AzTV-ի ղեկավար Արիֆ Ալըշանովի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովի, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիեւի անունները:

 

Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են գյուլենական համայնքի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

 

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարություններ ը որոշել են այս տարվա սեպտեմբերի 1-ից փակել իրենց երկրներում գործող գյուլենական բոլոր ուսումնական հաստատությունները: