Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով համայնքային բյուջեի միջոցներով թեքահարթակներ կառուցելու աշխատանքների մասով զեկուցվել է, որ ծրագրով նախատեսված շուրջ 200 թեքահարթակներից արդեն իսկ կառուցվել և շահառուների օգտագործմանն է հանձնվել 100 թեքահարթակ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացի այդ, նախկինում կառուցված օբյեկտների 215 մուտքեր սեփականատերերի կողմից հարմարեցվել են հաշմանդամների համար և ապահովվել թեքահարթակներով:

 

Զեկուցվել է նաև, որ փողոցների հիմնանորոգման շրջանակում ևս կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում են թեքահարթակների կառուցման աշխատանքներ:

 

Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել նաև փողոցների հիմնանորոգման շրջանակում կառուցվող թեքահարթակներն ու շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ գնահատել դրանց համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին: