Մեր միակ երաշխիքը մեր Պաշտպանության բանակն է, որը 20 տարի է՝ ապահովում է մեր անվտանգությունը: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը:
«Պատերազմի ժամանակ մեր կամավոր ջոկատները, որոնք հետագայում վերածվեցին միասնական բանակի, փառավոր կերպով կատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, բայց այսօրվա մեր երիտասարդները, երբ հաճախ այցելում եմ առաջին գիծ, տեսնում եմ իրենց հայացքը, ձգված լինելը, խրոխտ ձայնը, նրանց գիտակցությունը, նրանց խիզախությունը, անկեղծ ասեմ՝ իմ սպասածից ավելին է»,- ասաց Պարգև Սրբազանը:
Վերջինիս խոսքով՝ փայլուն սերունդ ունենք և դա բնական է: «Ամեն մի սերունդ պետք է գերազանցի ավագ սերնդին, եթե մենք կամենում ենք առաջխաղացում ունենալ: Այնպիսի սերունդ է, որը այս երեք շաբաթվա ընթացքում 100 տոկոսով դա ապացուցեց և դրա մասին վկայում են մեր գնդապետները, գեներալները, Արցախի պատերազմի հերոսները: Փառավոր սերունդ ունենք, արտակարգ երիտասարդներ»,- ասաց նա:
Մանրամասները՝ Լուրեր.com-ի պատրաստած տեսանյութում: