Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահ ընտրվելուց հետո վարչապետի պաշտոնում նշանակված արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին փոխարինողի նոր անուն է սկսել շրջանառվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ենի շաֆագ» թերթը գրում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ի նոր ղեկավարի հավանական թեկնածու է նաեւ Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը:
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած թերթը ենթադրել է, որ Դավութօղլուի նոր կաբինետում Հաքան Ֆիդանը կարող է զբաղեցնել արտգործնախարարի պաշտոնը:
Թերթը նշում է, որ որպես Թուրքիայի վարչապետ, Դավութօղլու համար հիմնական կլինեն երկու' տնտեսական եւ արտաքին քաղաքական բլոկներում աշխատանքը:
«Դավութօղլուն նոր կառավարության կազմում տնտեսական զարգացման ոլորտն արդեն առաջարկել է գլխավորել էկոնոմիկայի նախկին նախարար, էկոնոմիկայի գծով փոխվարչապետ Ալի Բաբաջանին: Դավութօղլուի համար մյուս կարեւոր պահը «զուգահեռ պետության» դեմ պայքարն ու արտաքին քաղաքականություն ոլորտն է: Այդ ուղղությունների համար ամենահավանական թեկնածում Հաքան Ֆիդանն է, ով լավագույնս է տեղյակ եւ «զուգահեռ պետությունից», եւ Քւրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված խնդիրներից, քրդական խնդրի «լուծման գործընթացից» եւ արտաքին քաղաքականությունից:
Ֆիդանը ուղղակի բանակցություններ է անցկացրել Աբդուլլահ Օջալանի հետ: Նա արտաքին քաղաքականության հրապարակում ամենամեծ խաղացողներից է եւ, ժամանակին դուրս գալով Ազգային հետախուզության պատյանից, կարողացել է բավական մեծ առաջընթաց ունենալ: Հաքան Ֆիդանը մասնակցելու է նաեւ 2015 թվականի խորհրդարանական ընտրություններին»,- նշել է թերթը:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում հավանական թեկնածուներից է նաեւ Մյովլուդ Չավուշօղլուն, ով Թուրքիայի Եվրամիության հարցերով ներկայիս նախարարն է: