Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջան կատարած շրջայցի ընթացքում այցելեց «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն: Տարոն Մարգարյանը «Փյունիկ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացավ շենքի առաջին մասնաշենքը երկրորդին կապող 3 մետր լայնությամբ և շուրջ 185 երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին:
Այցի շրջանակում քաղաքապետը հանդիպեց նաև «Երևանյան ամառ 2014» եռամսյա ծրագրի շրջանակում հաշմանդամ երեխաների համար երկրորդ տարին անընդմեջ կազմակերպված ճամբարի երեխաների հետ: Այս տարի ծրագրին մասնակցում են հաշմանդամություն ունեցող 50 երեխաներ և երիտասարդներ։
Ճամբարի շրջանակում երեխաներն անվճար այցելել են նաև մանկական երկաթուղի, կենդանաբանական այգի և այլ վայրեր: Քաղաքապետն առաջարկեց հաջորդ տարի կրկնապատկել մասնակիցների թիվն ու ճամբարային կյանքում ներգրավել 100 երեխայի: Նա նաև զրուցեց երեխաների ծնողների հետ, հետաքրքրվեց, թե ինչ առաջարկներ և դժգոհություններ նրանք ունեն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքի մատչելիության առումով բոլոր խնդիրները չէ, որ լուծվել են:
«Վերջին երկու տարիներին համայնքային բյուջեից գումարներ են տրամադրվում թեքահարթակներ կառուցելու համար: Բացի այդ, 10 ավտոբուսների համար ձեռք կբերվեն հատուկ վերելակներ, և մոտակա ամիսների ընթացքում այդ ամենը կհանձնվի մեր քաղաքացիներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետի խոսքով՝ բոլոր իրականացվելիք շինարարությունները պետք է հարմարեցված լինեն հաշմանդամների կարիքներին: «Մենք բոլորս պետք է լինենք հաշմանդամների կողքին և նրանց խնդիրները դարձնենք օրակարգային»,-նշեց քաղաքապետը:
«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Երևանի քաղաքապետը նվեր է արել միությանը: «Մեր շենքի շրջագիծը պահող ճանապարհն այս պահին զրոյից պատրաստվում է: Դա կօգնի մեզ, որ ավելի շատ հաշմանդամություն ունեցող մարդիկ օգտվեն շենքի հնարավորություններից»,-նշեց նա:
Հակոբ Աբրահամյանը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը շատ արդյունավետ է համարում: «Քաղաքը գնալով ավելի մատչելի է դառնում: Խնդիրը 100 տոկոսով չի լուծվել, բայց լուրջ և մեծ քայլեր են արվում: Շուտով Երևանը կդառնա տարածաշրջանի մատչելի քաղաքներից մեկը»,-նշեց նա:
Հակոբ Աբրահամյանն ընդգծեց, որ իրականացված հաշվառման արդյունքներով շուրջ 2000 անվասայլակի անհրաժեշտություն կա, և քաղաքապետը կշարունակի աջակցել ու օգնություն ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց:
2014թ. հունիսին «Երևան-Մարսել» համագործակցության շրջանակներում Երևանի քաղաքապետարանին Մարսելի քաղաքապետարանն ուղարկել է հաշմանդամների համար նախատեսված 180 անվասայլակներ, որոնք հանձնվել են «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միությանը, որն իր հերթին, պարզեցված կարգով, դրանք տրամադրել է կարիք ունեցողներին։
2014 թվականին քաղաքապետարանի և գործարար շրջանակների համագործակցության արդյունքում նախկինում արդեն կառուցված հանրային նշանակության օբյեկտների դիմաց թեքահարթակների կառուցման ուղղությամբ հաշմանդամների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 524 հասցեներում հնարավոր է կառուցել թեքահարթակներ՝ դրանց կառուցման համար պահանջվող նորմերին համապատասխան: Նշված բոլոր կառույցներին քաղաքապետարանն անվճար տրամադրել է նախագծեր։ Այդ հասցեներից 215-ում արդեն կառուցվել են թեքահարթակներ։
Թեքահարթակների կառուցման համար 2014 թվականին Երևանի համայնքային բյուջեից 40 մլն դրամ է հատկացվել։ Նախապես հաստատվել են առաջնային շուրջ 200 հասցեներ, որտեղ անհրաժեշտ է կառուցել թեքահարթակներ: Ընդ որում, այդ հասցեները ներառում են ոչ միայն Կենտրոն, այլ նաև Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջանները։ 100 թեքահարթակ արդեն կառուցվել է:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ, հունիսի 24-ին Երևանի ավագանին որոշում ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղի համար վճարվող տեղական տուրքից։
«Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի ևս հաշմանդամ երեխաների և երիտասարդների ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական վերականգնման և հասարակություն մեջ նրանց ինտեգրմանը նպաստելու նպատակով կկազմակերպվի արդեն ավանդական դարձող ճամբարը: Օգոստոսի 25- 28-ը անցկացվող ծրագրին այս տարի մասնակցում են հաշմանդամություն ունեցող 50 երեխաներ և երիտասարդներ։