Հայի գերեվարելու մոլուցքով տարված Ադրբեջանի իշխանություններն այդ ճակատում հայտնվել են ծիծաղելի եւ զավեշտալի իրավիճակներում: Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Ադըգյոզալ Դուրսունովին, ով առաջինն էր հայտարարել, իբր, հայ քաղաքացի գերեվարելու մասին, հեռացրել են պաշտոնից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը, որն, ի դեպ, ապատեղեկատվության առաջին տարածողն էր: Ըստ թերթի' աշխատանքից ազատել են նաեւ Ադըգյոզալ Դուրսունովի եղբորը (անունը չի նշվում):
Օգոստոսի 26-ին չինովնիկը «Ենի Մուսավաթ»-ի թղթակցին հայտնել էր, թե իբր, իր տան բակում Հայաստանի քաղաքացի է «հայտնվել», որին գյուղացիները բռնել եւ հանձնել են զինվորականներին: Հետո նա հայտարարել էր, թե, իբր, հային ոչ թե գյուղացիներն են բռնել, այլ իրենց «հերոս» զինվորականները: Նա անգամ ասել է, որ ինքը «20 րոպե իր առանձնասենյակում զրուցել է հայ գերու հետ», որից հետո ադրբեջանցի զինվորականները նրան տարել են անհայտ ուղղությամբ:
Դրա հետ միասին, նա ոչ հայի անունը, ոչ էլ նրա որտեղից լինելը չէր հայտնել: Ավելին, սույն չինովնիկը հորի նել էր, թե իբր հայ գերին իրեն ասել է, որ Հայաստանից շատերն են ցանկանում փախչել Ադրբեջան եւ այլ անհեթեթություններ:
Ինչպես երեւում է' տեսնելով, որ հայկական կողմը կտրականապես հերքում է որեւէ հայ քաղաքացու ադրբեջանական կողմում հայտնվելու մասին այդ ապատեղեկատվությունը, Ադրբեջանի պաշտոնական շրջանակները ընթացք չտվեցին իրենց այդ հերթական սադրանքին:
Այժմ էլ իրենց հերթական հորինվածքի ձախողումը քողարկելու համար Քեմերլիի տեղական իշխանության չինովնիկին դարձրեցին «քավության նոխազ»' հեռացնելով աշխատանքից ոչ միայն նրան, նրա եղբորը' եւս: Միանգամայն ադրբեջանական զավեշտ:
«Արմենպրես» լրատվական գործակալությանն ընդամենը մեկ-երկու ժամ պահանջվեց' հերքելու ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական սադրանքն ու կանխելու դրա տարածումը: