Ակնկալվում է, որ սեպտեմբերի 1-ին հանրապետությունում դպրոց կհաճախեն 40 հազար առաջին դասարանցիներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները՝ տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ առաջին դասարանցիների թիվը կամփոփվի մինչ սեպտեմբերի վերջ: «Այժմ ընթանում է դասագրքերի բաշխման գործընթացը: Այս տարի լույս են տեսել 29 անուն նոր դասագրքեր: Ըստ սահմանված ժամանակացույցի՝ ավարտվել են նաև մի շարք դպրոցների վերանորոգման աշխատանքները, որոնք պատրաստ են ուսումնական տարվա մեկնարկին»,- ասաց Աշոտյանը: Նախարարի խոսքով՝ իրենց հաջողվել է խուսափել ուսուցիչների կազմի կրճատումից, իսկ հուլիսի 1-ից նրանց աշխատավարձը բարձրացել է ինը տոկսով:
Նոր ուսումնական տարվա ընթացքում կփոխվի նաև բոլոր ավագ դպրոցների ուսումնական գույքը՝ Համաշխարհային բանկի տրամադրած վարկի շրջանակներում: Առաջիկայում մեկնարկելու է նաև «Կայուն սնունդ» ծրագիրը՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից: Նախարարի համոզմամբ՝ այս ծրագիրը ոչ միայն կրթական բնույթ ունի, այլև սոցիալական, առողջապահական հետևանքներ:
Փորձնական կարգով 10 դպրոցներում ներմուծվել է նաև ազգային երգուպար առարկան, որը մշակվել է համապատասխան ոլորտի մասնագետների կողմից: Ուսումնական տարվա ընթացքում ավագ և միջնակարգ դպրոցները կստանան ութ վիրտուալ լաբորատորիաներ, որոնց միջոցով երեխաները կկարողանան կիրառել իրենց գիտելիքները;
Ըստ Աշոտյանի՝ հանրապետության քոլեջներում և ուսումնարաններում պետությունն այս տարի տեղադրել է 50 տոկոսով ավելի պետպատվեր, ինչը բավականին աժիոտաժ է առաջացրել: Նախարարի վստահեցմամբ՝ երիտասարդների մոտ նախնական և միջին մասնագիտական կրթություն ստանալը պահանջված է և աննախադեպ ընդունելություն տեղի կունենա:
Սեպտեմբերից մեկից առաջ Աշոտյանը հանդիպել է նաև բուհերի ռեկտորների հետ՝ քննարկել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, միջազգային ծրագրերում ներգրավմանը վերաբերվող և կազմակերպչական այլ հարցեր: