Գիտելիքի, գրքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, յուրահատուկ և անմոռաց իրադարձություն է ցանկացած դպրոցականի, ուսանողի, ծնողի և մանկավարժի համար: Այսօր հանրապետության 40 հազար փոքրիկներ առաջին անգամ ոտք կդնեն դպրոց: Օրը պակաս տոնական չէ նաև այն պատանիների և երիտասարդների համար, ովքեր առաջին անգամ կբացեն բուհերի դռները: Այս տարի առաջին կուրսեցիների թիվը 9900-ից ավելի է: Ընդ որում՝ նրանցից 1316-ը կ սովորեն անվճար համակարգում:

 

Սեպտեմբերի 1-ի առթիվ աշակետներին և ուսանողներին շնորհավորում են ոլորտի պատասխանատուները: ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում, շնորհավորելով մանկավարժական կոլեկտիվներին, դպրոցների տնօրեններին, աշակերտներին և հատկապես առաջին դասարանցիներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ընդծեց, որ այս տարի հանրակրթական դպրոցներ ոտք կդնեն ավելի շատ առաջին դասարանցիներ:

 

«Այս տարի առաջին դասարանցիների թիվն ավելի է, քան նախորդ տարի. 37 հազարի փոխարեն 40 հազար է: Պատրաստ են առաջին դասարանցիների նվեր-դասագրքերը՝ այբբենարանը և մաթեմատիկայի դասագիրքը: Տարրական դասարանների երեխաները ևս կապահովվեն անվճար դասագրքերով: Նշենք, որ հրատարակվել է շուրջ 80 անուն նոր դասագիրք, որոնք կտրամադրվեն բոլոր դպրոցներին»,- նշեց Հովհաննիսյանը:

 

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 1-ի առթիվ դպրոցներում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ: «Այսօր տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ կայցելեն դպրոցներ, վարչապետի հանձնարարությամբ՝ կառավարության անդամները ևս կլինեն դպրոցներում: Կկազմակերվեն տարատեսակ տոնական միջոցառումներ»,-հավելեց նա:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը կայքի հետ զրույցում ևս շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ. «Սիրելի դպրոցականներ, շնորհավորում եմ բոլորիդ մեր ազգի համար ամենակարևոր տոներից մեկի՝ Գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի 1-ի, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին: Ցանկանում եմ, որ նրանց մուտքը բարի լինի իրենց նախընտրած կրթօջախներ, և ժամանակի հոլովույթում նրանք կայանան՝ որպես ազատ, նորանկախ Հայաստանի իսկական տերեր: Բարի երթ նոր ուսումնական տարի»,- նշեց Սողոմոնյանը: