Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց: Նախարարը զրուցեց երեխաների հետ, ինչպես նաև բացատրեց, թե ինչու է Գիտելիքի օրվա կապակցությամբ հենց այս դպրոցն այցելել:

 

Նա երեխաներին տեղեկացրեց, որ նախադպրոցական տարիների իր մոտ ընկերը եւս ուներ տեսողության խանգարումներ եւ հե նց այդ պատճառով էլ՝ ընդունվելով տարբեր դպրոցներ' իրենց կապը կորել է:

 

«Հետո այս տղան՝ Կարապետը, ինձ գտավ սոցիալական ցանցերում, ու պարզվեց, որ նա հիմա այլ երկրում է ապրում, բայց շատ լավ տեղավորվել է, ունի լավ ընտանիք, դասավանդում է դպրոցում, միեւնույն ժամանակ նաեւ երաժշտական դասընթացներ է տալիս այդ դպրոցի աշակերտներին: Իմանալով, որ ես այստեղ եմ գալու, խնդրեց, որ ես ձեզ փոխանցեմ իր շնորհավորանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նախարարը:

 

Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ Հայաստանը սոցիալական պետություն է, եւ պետության պարտականությունն է լիարժեք ուշադրություն դարձնել սոցիալապես ավելի խոցելի խմբերին:

 

«Եվ սա է պատճառը, որի համար ես նախընտրեցի այցելել հենց այս դպրոցը: Բացի այդ, պատճառներից մեկն էլ այն պատմությունն էր, որ ներկայացրեցի երեխաներին: Ես նրանց ներկայացրեցի այդ մարդու օրինակը՝ որպես ամուր կամքի, հաստատակամության օրինակ: Ճիշտ է, նա հիմա Հայաստանում չի ապրում, բայց կարողացել է կայանալ, լավ ընտանիք ձեւավորել, լավ աշխատանք ունենալ: Ես այսօր կարողացա երեխաներին փոխացել նաև նրա բարեմաղթանքները և շնորհավորանքը»,- ասաց նախարարը:

 

Նախարարը նաեւ աշակերտներին գովասանագրեր շնորհեց: Երեխաներն իրենց հերթին երգեցին, նախարարին խոստացան լինել աշխատասեր և նպատակասլաց: