Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ պետականության վերականգնումը դարակազմիկ իրադարձություն է, որի համար հայ ժողովուրդը երկար է պայքարել, կրել է մեծ ու անդառնալի կորուստներ, եւ չնայած այս ամենին, կարողացել է վերականգնել ամենաթանկ արժեքը՝ անկախ պետականությունը, հայրենի հողում արժանապատվորեն ապրելու իրավունքը, սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու հնարավորությունը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անկախության այս 23 տարիները եղել են դիմակայության ու մաքառումների, պետականաշինության ու կայացման տարիներ, որոնց ընթացքում մենք ազգովի պաշտպանել ենք Արցախի ազատությունն ու անկախությունը, Մայր Հայաստանի եւ Սփյուռքի աջակցությամբ աշխատանքներ տարել պատերազմի հետեւանքների ու ավերածությունների վերացման ուղղությամբ եւ կանգնել կայուն զարգացման ուղու վրա:
«Մենք հաստատակամ ենք ու վճռական' շարունակելու մեր ընտրած ուղին, շարունակելու այն բարձր գիտակցումով, որ Արցախը պետք է լինի կայուն, հզոր, զարգացած ու ժողովրդավարական երկիր, որը կարող է արժանիորեն ներկայանալ աշխարհին եւ լինել համայն հայության պարծանքը: Համատեղ ուժերով պետք է անել հնարավորն այդ նպատակները կյանքի կոչելու համար»,- իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:
Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ գնալով նոր թափ է ստանում Արցախի միջազգային ճանաչման գործընթացն՝ այս համատեքստում ամբողջ հայության համար մեծ իրադարձություն համարելով վերջերս Կալիֆորնիայի կողմից Արցախի անկախության ճանաչումը, որը կարեւոր քաղաքական, իրավական եւ բարոյական քայլ է:
Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին ու ներկաներին Արցախի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ եւ մաղթել նրանց քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն ու բարեկեցություն:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: