Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է պայքարել «Իսլամական պետության» դեմ, քանի որ այն Մերձավոր Արևելքում իրենից մեծ ուժ է սկսել ներկայացնել, և արդարության կհասնի ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի սպանության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռոյթերս» գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

 

Օբաման ավելացրել է, որ զինված խմբավորումներին ոչնչացնելու համար իրենցից ժամանակ կպահանջվի, քանի որ նրանց թվում են իրաքյան պատերազմի տարիներից «Ալ Քաիդա» խմբավորման «աճեցրած» բազմաթիվ զինյալներ: Նա ընդգծել է, որ դա մեկ շաբաթվա, մեկ ամսվա կամ 6 ամսվա պայքար չի լինելու և ժամանակ է հարկավոր նրանց կանգնեցնելու համար:

 

«Մեր նպատակը պարզ է. այն է՝ պայքարել և ոչնչացնել «Իսլամական պետությունը», քանի որ այն իրական սպառնալիք է դառնում ոչ միայն Իրաքի և տարածաշրջանի, այլ նաև Միացյալ Նահանգների համար»,- ասել է ԱՄՆ նախագահը:

 

Իսլամական պետության զինյալները տեսանյութ են տարածել, որում ցուցադրել են ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի գլխատումը, ով ծայրահեղականների կողմից գերեվարվել էր Սիրիայում 2013թ.: Մինչ այդ նրանք գլխատել էին ամերիկացի մեկ այլ լրագրողի՝ Ջեյմս Ֆոուլիին՝ ԱՄՆ-ից պահանջելով դադարեցնել Իրաքի տարածքում իրենց հասցվող օդային հարվածները, հակառակ դեպքում, սպառնացել էին գլխատել իրենց մոտ գտնվող ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆին: