Սեպտեմբերի 4-ի ժամը 15.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և հարևանությամբ գտնվող Վահան գյուղում մոտ կես ժամ տևողությամբ, հավի ձվի մեծության կարկուտ է տեղացել' զգալի վնասներ պատճառելով բնակչությանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ' կարկուտը ջարդել կամ ծռել է դրսում կայանված մարդատար ավտոմեքենաների ապակիները և մետաղական թափքերը, ծակել կտուրների ասբեստշիֆերի ծածկերը, Ճամբարակի մանկապարտեզի և որոշ առանձնատների ապակիները, ցած թափել ծառերի տերևներն ու պտուղները: Կարկուտի տարափից սատկել են ընտանի թռչուններ, մարմնական վնասվածքներ են ստացել դրսում գտնվող քաղաքացիներ:

 

«Ես իմ ութսուն տարիների ընթացքում նման արհավիրք, նման կարկտի տարափ չեմ հիշում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ճամբարակ քաղաքի բնակչուհի Գեղեցիկ Աբրահամյանը: Իսկ կարկտի հարվածներից ուշագնաց եղած մոտ վաթսունամյա Պայծառ Աբրահամյանն այսպես ներկայացրեց կատարվածը. «Գտնվում էի դաշտում, երբ ձվի մեծության կարկտի հեղեղը թափվեց վրաս: Պատսպարվելու տեղ չունեի, և կարկտի անդադար զարկերից ուշագնաց եղա: Ինձ օգնության հասան և ուշքի բերեցին մեր հարևանները»: Որպես ապացույց' Պայծառը ցույց տվեց գլխի և աջ ձեռքի վրա պահպանված այտուցները: Գրեթե նույն կարգի վնասներ էին արձանագրվել նաև սահմանամերձ Վահան գյուղում:

 

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան հանձնարարությամբ' աղետի պատճառած վնասներին տեղում ծանոթացավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատանքային խումբը' մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Քաղաքացիներին հասցված վնասների չափերը ճշտվում են:


Խոսրով Խլղաթյան