Վարդենիս քաղաքում հունիսի 29-ին' ժամը 16.30-ի սահմաններում, գրանցվել է ավերիչ ուժի հողմ, որը վնասներ է պատճառել մոտ 100 տնտեսությունների: Հողմը պոկել-տարել է բնակարանների կտուրներ, ջարդուփշուր արել ապակիներ, շուռ տվել 20-ից ավելի էլեկտրահաղորդման սյուներ: Նախնական տվյալներով' հողմն ամբողջությամբ պոկել եւ հեռու է շպրտել 10 բնակարանների կտուրներ, իսկ մոտ 90 բնակարանի կտուր վնասվել է մասնակի: Վնասվել է նաեւ Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տանիքը:
Գեղարքունիքի մարզի աշխատակազմի քաղաքաշինության վարչության աշխատակիցները Վարդենիսի քաղաքապետարանի մասնագետների հետ համատեղ ճշտում են վնասների հնարավոր չափերը: