Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում նախորդ գիշերվա ընթացքում գայլերի կողմից ոչխարի հոտի վրա հարձակվելու արդյունքում տնտեսություններին պատճառված վնասը գյուղապետարանի համապատասխան հանձնաժողովի կողմից գնահատվել է մոտ 2,7 միլիոն դրամի սահմաններում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը, գյուղամիջի գոմում հարձակման է ենթարկվել 70 գլուխ ոչխար եւ մեկ հորթ: 42 գլուխ ոչխարները հոշոտվել են ամբողջությամբ, 16-ի կոկորդները ծակված են եղել, իսկ 14 գլուխ ոչխար եւ մեկ հորթ, մինչ հոկտեմբերի 27-ի հետկեսօրվա դրությամբ, մնում են անհայտ կորած: Անհետացած կամ հոշոտված ոչխարներից 27-ը պատկանում է Զոլաքար գյուղի բնակիչ Պարգեւ Մրտեյանին:

 

«Գայլերի հարձակման հետ կապված' Զոլաքարում հրավիրվել է ավագանու արտահերթ նիստ, որով որոշվել է գյուղապետարանի բյուջեի միջոցներից մասնակիորեն դրամական փոխհատուցում հատկացնել տնտեսություններին: Մինչեւ այս շաբաթվա վերջ հայտնի կդառնա հատկացվող գումարի չափը: Ակնկալում ենք աջակցություն նաեւ Գեղարքունիքի մարզպետարանից, որտեղ դիմել ենք օգնության խնդրանքով»,- նշեց համայնքի ղեկավարը:

 

Խոսրով Խլղաթյան