Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում հրդեհը, որը երկու կնոջ ծխահարման պատճառ էր դարձել, նյութական մեծ վնասներ չի պատճառել: Գույքը կամ սենյակները չեն վնասվել: Դեպքի վայրում աշխատում են համապատասխան մարմինները, կատարվում է նախաքննություն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանը, առաջինը տարօրինակ հոտը զգացել է հերթապահը' 06:00-ին ու թակել դուռը և, արձգանք չստանալով, տեղեկացրել համապատասխան մարմիններին, ապա բացել են այն և տեսել մահացածների մարմինները: «Տուն-ինտերանատն ունի ջեռուցում և սենյակներում շատ տաք է: Սենյակը կրկնակի տաքացնելու խնդիր չկա: Ինտերնատի բնակիչները սենյակներում ունեն փոքր ջերմատաքացուցիչներ՝ թեյի և սուրճի համար: Չեմ կարող ասել, թե վերջիններս ինչու էին միացրել այն: Գույքին կամ սենյակներին վնաս չկա, պարզապես այդ սենյա կի իրերը մի փոքր սևացած են»,-նշեց Ներսես Մարգարյանը:

 

Փրկարարները հունվարի 15-ին ահազանգ են ստացել, որ Գյումրու ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել« սենյակներից մեկում առկա է երկու կնոջ դի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, շտապ բուժօգնության բրիգադ:

 

Ըստ նախնական վարկածի' հրդեհի պատճառ հանդիսացել է տուն ինտերնատի թիվ 53 սենյակում էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցը, որի պատճառով տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել և մահացել են ինտերնատի բնակիչներ Արաքսյա Վաղարշակի Օհանյանը' ծնված 1953թ. Եւ Հրանուշ Պապիկի Ավագյանը' ծնված 1934 թ.: