ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացավ խոհանոցային պարագաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, արդեն երկրորդ տարին է, որ HSBS բանկի հետ համատեղ տարաբնույթ գույք ու սարքավորում է տրամադրվում մանկատանը:
Փետրվարի 21-ին տրամադրվեց բանկի ֆինանսավորմամբ մանկատանը տրամադրվեց խոհանոցային տարբեր սարքավորումներ և գույք՝ գազօջախ, սառնարան, տարբեր սպասքներ: Մանկատանը տրամադրվել է նաև հեռուստացույց՝ երեխաների ինտելեկտուալ զարգացման համար: Սպասքի անհրաժեշտության կարիքը ներկայացվել էր մանկատան կողմից, բայց մինչ դրանք ձեռք բերելը հիմնադրամը կատարել է կարիք- գնահատում: Տրամադրվող սարքավորումների ու պարագաների ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 4 հազար դոլար: Մանկատունը խոհանոցային նմանատիպ գույքով ու սարքավորումներով թարմացվել էր 20 տարի առաջ: 2012 թվականից հիմնադրամը բազմաբնույթ ծրագրեր է իրականացրել մանկատանը, այդ թվում՝ վերանորոգման, լողավազանի կառուցման, լաբարատոր սենյակի ստեղծման, բարերարների աջակցությամբ մանկատանը տրամադրվել է նաև մինի-ավտոբուս, հատուկ սարքավորում՝ երեխաների ֆիզիոթերապիայի վարժանքների համար:
«Մանկատան հետ 1992 թվականից մեկնարկած համագործակցությունը կշարունակվի նաև առաջիկայում: Բացի մանկատանն աջակցելուց, 2015 թվականից հիմնադրամը բնակարանային ծրագիր է իրականացնում Գյումրու անօթևանների համար: Շուտով՝ մարտին 43-րդ բնակարանը կտրամադրվի որևէ անօթևան ընտանիքի»,-նշեց հիմնադրամի ծրագրի և արտաքին կապերի բաժնի համակարգող Աննա Մանուկյանը: Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված մասնագիտացված մանկատուն է, որն զբաղվում է առանց ծնողական խնամքի մնացած, ծանր սահմանափակ կարողություններ ունեցող մինչև ութ տարեկան երեխաների շուրջօրյա լրիվ խնամքով։ Այժմ մանկատան խնամքի տակ է գտնվում 0-8 տարեկան առանց ծնողական խնամքի 125 երեխա՝ տարբեր մարզերից։ Այստեղ իրականացվում են սահմանափակ կարողություններով երեխաների հետ դաստիարակչական, կրթական, սոցիալ-հոգեբանական և շտկողական աշխատանքներ, վերականգնողական բուժում և այլն: