Ներքաղաքական կյանքում թեժ աշուն Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը չի ակնկալում: Նա վստահ է, որ ներքաղաքական կյանքում հիմնականում ուժերի վերադասավորում է ընթանալու և այդ գործընթացը կշարունակվի մինչև 2015թ. աշունը: Ըստ ՍԴՀԿ առաջնորդի, հենց այդ ժամանակվանից էլ քաղաքական կյանքում կլինի աշխուժություն:
Սոցիալ-դեմոկրատ հնչակյանները չեն սպասի մինչև հաջորդ տարվա աշուն ու մինչև նոյեմբերի վերջ կկազմակերպեն հանրահավաք, որը հիմնականում նվիրված է լինելու սոցիալական խնդիրներին:
«Վստահ չեմ, որ այդ հանրահավաքը կարող է փոփոխություն մտցնել քաղաքական կյանքում, սակայն որոշել ենք հանրահավաք անել և ժողովրդին ներկայացնել մեր տեսլականն ու սոցիալական խնդիրների վերաբերյալ մեր առաջարկությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նարեկ Գալստյանը:
Խոսելով ներքաղաքական կյանքում լուրջ փոփոխությունների մասին՝ Նարեկ Գալստյանը վստահություն հայտնեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անպայման վերադառնալու է: «Որ նա վերադառնալու է՝ փաստ է և այդ վերադարձից չի կարելի լավ բան ակնկալել:
Վստահ եմ, որ քառյակում էլ առկա որոշ ուժեր կնպաստեն Քոչարյանի վերադարձին»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ քառյակի ստեղծումը և այնտեղ որոշ ուժերի ավելի սերտացումը միտված էր Քոչարյանի վերադարձին: «Չեմ բացառում, որ «ավազակապետության դեմ պայքարի» ցանկությամբ նույն հարթակի վրա կհայտնվեն առաջ ին և երկրորդ նախագահները»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ քառյակի անդամ «Ժառանգություն»-ը գուցե չմիանա այդ գործընթացին:
Ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցությանը, Գալստյանն ասաց, որ անլուրջ է վերաբերում և հավատ այդ ուժի հանդեպ չունի: «Պետք է ամեն ինչ անեն, որ վերջնականապես ջախջախված վարկանիշը ետ բերեն»,- ասաց Գալստյանը:
Ինչ վերաբերում է Քոչարյանի վերադարձին, Գալստյանն ասաց, որ եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է մնալ քաղաքական գործընթացների կենտրոնում, ապա նրան ու ՀՀԿ-ին ձեռնտու չէ Քոչարյանի վերադարձը: Քաղաքական գործիչը չբացառեց, որ ուժերի վերադասավորումը կբերի լարվածության, ինչը ձեռնտու չի լինի ժողովրդի համար: