Ուկրաինայից ստացվող հաղորդագրությունների համաձայն, երկրի արևելքի ռուսամետ անջատականները և կառավարական ուժերը հիմնականում պահպանում են հրադադարի ռեժիմը, որը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 5-ին, ժամը 18:00-ից:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ այժմ կարևոր է սկսել աշխատանքը շուրջ 2600 մարդու կյանք խլած հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ:
Ըստ Ազատություն կայքի՝ ռուսամետ ապստամբները հայտարարել են, որ հրադադարի հաստատումը չի փոխում Ուկրաինայից անջատվելու իրենց մտադրությունը:
Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է անջատականներին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ, սակայն Մոսկվան հերքում իր ուղղակի ներգրավվածությունը այս հակամարտության մեջ:
Չնայած հրադադարի հաստատմանը, Եվրամիության դեսպանները սեպտեմբերի 5-ին համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, որոնց ընդունման հարցը պաշտոնապես քննարկվելու է սեպտեմբերի 8-ին: Դիվանագետները, սակայն, նշել են, որ սանկցիաների ընդունումը կարող է կասեցվել, եթե հրադադարի ռեժիմը պահպանվի, և եթե Ռուսաստանը զորքերը դուրս բերի Ուկրաինայից: