Իսպանիայում կորոնավիրուսային հիվանդության հետեւանք համավարակի պատճառով մտցված սահմանափակումների մեղմացման նոր փուլը, որը կառնչվի երկրի բնակչության կեսին, ուժի մեջ է մտնում այսօրվանից: Թագավորության իշխանությունները նախօրոք զգուշացրել են, որ միջոցառումների մեղմացումները կարող են իրականացվել տարբեր տեմպերով՝ կախված այս կամ այն տարածաշրջանի կամ նահանգի իրավիճակից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այսպես՝ առայժմ նոր մեղմացումներին պատրաստ չէին ո՛չ Մադրիդը, ո՛չ Բարսելոնան: Մադրիդի ինքնավար համայքնի ղեկավարությունը կենտրոնական կառավարությանը խնդրել էր թույլ տալ անցնել հաջորդ փուլ, սակայն իրավիճակի վերլուծությունից հետո թագավորության կառավարությունը որոշել է այս մարզում մեղմացման հետագա միջոցառումները հետաձգել:
Երկրի բնակչության գրեթե կեսը բնակվում է տարածաշրջաններում, որտեղ իշխանությունները համաձայնվել են նոր մեղմացումներ մտցնել: Երկուշաբթիից Իսպանիայի այդ բնակիչներին թույլ կտան հանդիպել ընկերներին եւ ազգականներին, որոնք բնակվում են նույն նահանգում: Այդուհանդերձ, չի կարելի 10 մարդը գերազանցող խմբերով հավաքվել:
Փողոցում զբոսնել եւ սպորտով զբաղվել նախկինի պես կարելի է այն ժամանակահատվածում, որը նախկինում սահմանվել էր անձանց տարբեր խմբերի համար: Դեռեւս արգելված է նաեւ ծերանոցներում ապրող տարեցներին այցելությունը: Դրանից բացի, իսպանացիներին առայժմ արգելվում է դուրս գալ նահանգի սահմաններից, որտեղ բնակվում են:
Հաճախորդների համար բարերը, սրճարանները եւ ռեստորանները կարող են բացել ծածկապատշգամբները, ընդ որում՝ միաժամանակ կարող է զբաղեցված լինել սեղանների ընդհանուր քանակի 50 տոկոսից ոչ ավելին, որոնք ստիպված կլինեն յուրաքանչյուր հաճախորդից հետո ախտահանել: Հաճախորդների համար կբացվեն մինչեւ 400 քառ.մետր տարածքով առեւտրի կետերը, բայց միաժամանակյա սահմանափակ այցելությամբ: Իրենց գործունեությունը մասամբ կարող են վերսկսել մարզադահլիճները, թանգարանները, թատրոնները, եկեղեցիները: Կրկին բաց կլինեն նաեւ հյուրանոցները, բայց առանց ընդհանուր օգտագործման գոտիների եւ ճաշասրահների: Դեռեւս անհրաժեշտ է պարտադիր կարգով դիմակներ կրել հանրային տրանսպորտում եւ սոցիալական հեռավորություն պահպանել:
Սահմանափակումների մեղմացման ներկայիս փուլը կտեւի նվազագույնը 2 շաբաթ: Մադրիդը եւ մյուս նահանգներն ու տարածաշրջանները, որոնց դեպքում միջոցառումները առայժմ չեն մեղմվել, իրավիճակի բարենպաստ զարգացման դեպքում կարող են այս փուլին անցնել մայիսի 18-ից: