ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ' մասնակցելու սեպտեմբերի 8-ից 10-ը անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 40-րդ նիստին: Միջպետական խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի բաժնից, նախատեսվում է քննարկել առանձին երկրներում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև տարվա ընթացքում մրցակցային օրենսդրության խախտման ուղղությամբ համատեղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

 

Նիստի ընթացքում ելույթով հանդես կգա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ով ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ է: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը, մասնավորապես, կանդրադառնա Մաքսային միությանն անդամակցության շրջանակում Հայաստանի ինտեգրման գործընթացին՝ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկրների մրցակցային մարմինների փոխգործակցությանն առնչվող հարցեր: