Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար: Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հասարակական-քաղաքական և տնտեսական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հարցերի լայն շրջանակի: Նախագահը մանրամասներ է հայտնել վերջին շրջանում տնտեսական ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականության հիմանական ուղղությունների իրականացման սկզբունքներին և հայեցակարգերին: Հանդիպմանը Հանրապետության նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար դրության, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ներկայումս առկա իրավիճակի և դրա հանգուցալուծման հնարավորությունների և ուղիների մասին, ապա անմիջական մթնոլորտում զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: