ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել բարձր մակարդակով հա ճախակի փոխայցելությունների կապակցությամբ' ընդգծելով, որ դրանք նոր լիցք են հաղորդում տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացման համար։

 

Նախարարներ Նալբանդյանն ու Կուրցը բովանդակալից զրույց են ունեցել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի շուրջ, անդրադարձել են 2014թ. հունիսին ՀՀ Նախագահի' Ավստրիա կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, քննարկել են առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները, տարածաշրջանային, միջազգային հարցեր։

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար' նախարար Կուրցը նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջան է այցելում իր պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում, քանի որ այն շատ հետաքրքիր և հեռանկարային է։ Նախարար Կուրցն ընդգծել է, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակության նպատակն է քննարկել և պայմանավորվածություններ ձեռք բերել' Հայաստանի հետ համագործակցության խորացման վերաբերյալ։

 

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց, որ հարկավոր է առավել ջանքեր գործադրել' ամրապնդելու համագործակցությունը երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

 

Նախարար Նալբանդյանը դրական է գնահատել Երևանում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի հիմնումը, որի պաշտոնական բացումը' Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների ներկայությամբ, նախատեսվում է իրականացնել այսօր երեկոյան:

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է նախարար Կուրցի պատվիրակության կազմում ավստրիացի գործարարների ներկայությունը, որոնք հետաքրքրված են հայ գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ։ Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ' դա կարող է նոր խթան հանդիսանալ' առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման համար։

 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի հարցերին, այդ ձևաչափով համագործակցությանը։

 

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի արդի փուլը: Երկուստեք ընգծվել է, որ այն պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով' ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից առաջարկված սկզբունքների և դրույթների հիման վրա:

 

Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ։

 

Նախարարների հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս։