Երևան քաղաքում 2014 թվականի առաջին ութ ամիսներին գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է:
Այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
«Երեւան քաղաքում 2014թ. ութ ամիսների գրանցվել է հանցագործության 5334 դեպք' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ' 238-ով պակաս: Բացահայտվել է 3606 դեպք: Արձանագրվել է սպանության 12 դեպք, որոնցից բացահայտվել է 9-ը: Չբացահայտված երեք դեպքերից երկուսը անհայտ կորածների դեպքերով հարուցված քրեական գործեր են: Արձանագրված սպանության փորձի հինգ դեպքերից բացահայտվել է երեքը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց Աշոտ Կարապետյանը:
Նրա խոսքով' հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու 346 դեպք. բացահայտվել է 293-ը:
Ոստիկանության Երեւան քաղաքի կայազորի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է 88 միավոր հրազեն, 102 նռնակ եւ 16 հազար 149 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ:
«Ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Տարված աշխատանքների արդյունքում' 2014թ. ութ ամիսներին բացահայտվել է 252 դեպք: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ տարված միջոցառումների արդյունքում' անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ' 6-ով նվազել են ավազակային հարձակման, եւ 29-ով' գողության դեպքերը:
Արձանագրված ավազակային հարձակման 32 դեպքերից 20-ը բացահայտվել է: 152-ով նվազել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, փոխարենը' 123-ով աճել են բնակարանային գողությունները: Իրականացվող շուրջօրյա ծառայությունների արդյունքում' նվազել են նաեւ տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը, իսկ արձանագրված դեպքերը բացահայտվել են ամբողջությամբ»»,- տեղեկացրեց Երևանի ոստիկանապետը:
Աշոտ Կարապետյանը նշեց, որ ոստիկանության առջեւ դրված առաջնային խնդիրներից է նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումը: «Այսպես' 2014 թ. ութ ամիսներին բացահայտվել է նախկինում կատարված 518 հանցագործություն, ընդ որում' դրանցից 187-ը կասեցված էին հանցագործություն կատարողի անձը հայտնի չլինելու պատճառով»,- ասաց նա:
Հարցին ի պատասխան, թե ինչպիսին է հացագործություն կատարած անձանց ժողովրդագրական պատկերը' Աշոտ Կարապետյանը նշեց. «Մեղադրանք է առաջադրվել 250 քաղաքացու, որոնցից 32-ը կանայք են, 25-ը անչափահասներ, 220-ը' նախկինում դատապարտվածներ: Նախկին դատվածների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 15 անձով»:
Աշոտ Կարապետյանն ընդգծեց' ոստիկանության գործառույթների հիմքում օրինականության ապահովումն է, հասարակական կարգի պատշաճ պահպանումը, քաղաքացիների շահերի եւ իրավունքների պաշտպանությունը: