ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչությունը Երևանում և մի շարք մարզերի դպրոցական և նախադպրոցական կրթական հաստատություններում ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքում ի հայտ են եկել մի շարք խախտումներ:

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը: Նա ընդգծեց, որ ստուգումների արդյունքում իրենց պաշտոններից ազատվել են 30 տնօրեններ և ավելի քան 100 մանկավարժներ:

 

 

«Մենք աշխատում ենք նախարարության հաստատած աշխատանքային ծրագրով և այնուհետև հանրությանն ենք ներկայացնում մեր կատարած աշխատանքները: Երևանում և մի շարք մարզերում ստուգումներ ենք իրականացրել, ի հայտ են եկել բազմաթիվ թերություններ: Օրինակ, Գյումրու 22 նախադպրոցական ուսումնական հաստատություններն ուսումնասիրելիս պարզեցինք, որ տնօրեններից ութը չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

 

65 տարին լրացած տնօրեններ կային, որոնք դեռ աշխատում էին: Բացի այդ, 38 մանկավարժներ էլ չէին համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոնին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Կարապետյանը:

 

 

Կարապետյանն ընդգծեց, որ ուսումնասիրությունները կատարվել ենք քիչ թե շատ կայացած քաղաքներում: Այժմ Կրթության պետական տեսչության մասնագետներն ստուգումներ են կատարում Սիսիանում:

 

«ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում հիմնականում դիտվել է օրենսդրական պահանջների խախտում: Տնօրեն է դառնում աշխատանքային ստաժ չունեցող մեկը, իսկ մանկավարժներին ընդունում են առանց սահմանված կարգի՝ մրցույթ չեն հայտարարում: Մենք փաստն արձանագրում ենք և ուղարկում լիազոր մարմնին՝ ԿԳ նախարարություն, Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ»,-նշեց նա:

 

 

Արամ Կարապետյանի խոսքով, եթե իրենք թերություններ և խնդիրներ հայտնաբերեն մասնավոր դպրոցներում, ապա դրա վերաբերյալ կզեկուցվի Կրթության և գիտության նախարարությանը:

 

«Մեկ այլ խնդիր էլ է արձանագրվել: Հայտնաբերվել է, որ միևնույն երեխան գրանցվում է մի քանի դպրոցներում, քանի որ ինչքան աշակերտ կա դպրոցում, այդքան էլ դպրոցը ֆինանսավորում է ստանում»,-հավելեց նա:

 

Արամ Կարապետյանի համոզմամբ՝ պետության ամենակարևոր խնդիրներից մեկը համապատասխան կրթական որակի ապահովումն է: «Որոշեցինք ուսումնասիրել Երևանի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի ուսումնական հաստատությունների հայոց լեզու, ռուսաց լեզու, պատմություն, մաթեմատիկա առարկաների դասավանդման խնդիրը: Այդ առթիվ ձևավորվեց հատուկ հանձնաժողով՝ բուհերի դասախոսների և տարակարգ ունեցող ուսուցիչների ջանքերով: Սկզբից որոշեցինք հայոց լեզվի մակարդակը թեստերի միջոցով ստուգել, այնուհետև՝ թելադրությունների միջոցով»,-նշեց նա:

 

 

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թեստի և թելադրության արդյունքները շատ են տարբերվում: «Թեստային աշխատանքից անբավարար էր ստացել աշակերտների ութ տոկոսը, իսկ թելադրությունից՝ 36-ը: Նախարարին ևս զեկուցել ենք, որ նման վիճակ է առկա հատկապես ավագ դպրոցներում»,-նշեց նա:

 

 

Կրթության պետական տեսչության ղեկավարի խոսքով՝ դպրոցը միայն սովորելու տեղ չէ, այն նաև դաստիարակող հաստատություն է: «Ուսումնական պլաններում եղած նյութերը պետք է ծառայեն երեխայի դաստիարակությանը: Եթե երեխան դպրոց չի գնում, վատ է դաստիարակվում: Նախարարը հրամայել է, որ մենք վերահսկենք ավագ դպրոցների հաճախումները: Ես ուրախ կլինեմ, եթե ԶԼՄ-ները ևս օգնեն վերահսկել գործընթացը»,-եզրափակեց նա:

 

 

Վիճակագրության համաձայն, Հայաստանում այսօր գործում է 547 համայնքային և 60 ոչ պետական մանկապարտեզ: Դպրոցների թիվը 1400 է: