Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ամերիկահայ հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտին' նրա հոր' Նորիկ Աստվածատրյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանն արծարծվել են արտերկրում Արցախի պատմության ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության օբյեկտիվ լուսաբանմանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Աննա Աստվածատրյան-Տուրկոտի մասնակցությունն Արցախի միջազգային ճանաչման գործում՝ այն որակելով հայրենասիրության լավագույն դրսեւորում:
Նախագահ Սահակյանն արժեվորել է Աննա Աստվածատրյան-Տուրկոտի հեղինակած «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գիրքը' այն համարելով ինքնատիպ աշխատանք, որտեղ արտացոլված են թե՛ պատմական իրադարձությունները, թե՛ մարդկային պատմություններ: