ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի կայացմանն օժանդակելու նպատակով Երևանում այսօր' սեպտեմբերի 11-ին, պաշտոնապես մեկնարկել է ԵՄ-ի կողմից մոտ 1մլն եվրո բյուջեով ֆինանսավորվող Թվինինգ ծրագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, «ՀՀ-ում պետական ներքին ֆինանսական հսկողության կարգավորիչ և ինստիտուցիոնալ շրջանակի ուժեղացման և նոր համակարգի գործարկման հարցում Կենտրոնական ներդաշնակեցման միավորին օժանդակության մասին» ծրագրի նպատակն է ԵՄ լավագույն փորձի հիման վրա զարգացնել ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտը:
Ծրագիրն իրականացվելու է համապարփակ պետական ներքին ֆինանսական հսկողության (ՊՆՖՀ) համակարգի ներդրման միջոցով' կյանքի կոչելով պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի բարեփոխումների իրագործումն ու զարգացումը' ներառյալ համակարգի երեք հիմնական բաղադրիչները. կառավարչական հաշվետվողականության վրա հիմնված ֆինանսական կառավարում և հսկողություն, կառավարման բոլոր մակարդակներում հավուր պատշաճի հավաստիացում ապահովող ներքին աուդիտ, ինչպես նաև պետական ներքին ֆինանսական հսկողության հետ կապված հարաբերությունների կարգավորումն ապահովող ստանդարտներ սահմանող և դրանց մոնիթորինգն իրականացնող կենտրոնական ներդաշնակեցման միավոր:
Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի, ծրագրի ավարտին Կառավարությունն ակնկալում է ունենալ ՀՀ-ում պետական ներքին ֆինանսական հսկողության ամբողջական համակարգ. «Այն կնպաստի պետական միջոցների ծախսման արդյունավետության, նպատակայնության բարձրացմանն, ինչպես նաև կուժեղացվեն ծախսերի իրականացման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»:
ԵՄ կողմից Թվինինգ ծրագրի ղեկավար Անդերս Նիլսոնի խոսքով' ծրագիրն ուղղված է ֆինանսական կառավարման վերահսկողության և արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի տևողությունը 24 ամիս է: Այն իրականացվում է Շվեդիայի Ազգային ֆինանսական կառավարման մարմնի կողմից, իսկ ուղղակի շահառուն հանդիսանում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: