Լոնդոնում «BP, մի աջակցիր բռնաճնշումներին Ադրբեջանում» կարգախոսով ակցիա կանցկացվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակցիան կկազմակերպեն Facebook-ի օգտատերերը, ովքեր սոցկայքի Event էջում հանդես են եկել «BP, դադարեցրու Ադրբեջանում բռնաճնշումներին աջակցությունը» կարգախոսով:

 

Ակցիայի կազմակերպիչները օգտատերերին հրավիրում են մասնակցել Լոնդոնում BP-ի (British Petroleum) գրասենայկի առաջ սեպտեմբերի 17-ին անցկացվելիք բողոքի ակցիային: Օգտատերերին արված դիմումում ասվում է, որ Ադրբեջանում ակտիվիստների ձերբակալությունների հետ կապված իրենք չեն կարողանում բողոքի դուրս գալ Բաքվում BP-ի գրասենյակի առաջ, այդ պատճառով իրենց համախոհներին հրավիրում են բողոքի ակցիային մասնակցե BP-ի լոնդոնյան գրասենյակի առաջ:

 

Նշվում է, որ եկող շաբաթ լրանում է Ադրբեջանում BP-ի առաջնորդած «Դարի պայմանագիր» կոչված նախագծի 20 տարին: «Այդ պայմանագիրը դրեց BP-ի եւ Ալիեւի ռեպրեսիվ ռեժիմի միջեւ երկու տասնամյակ շարունակվող համագործակցության հիմքը: Ադրբեջանում BP-ի դերը շատ մեծ է: Նավթային ընկերության ուժն ու փողը Ալիեւի ռեժիմին քաջալերում են բռնաճնշումներ անելու եւ ժողովրդավարությանը խոչընդոտելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Event-ի կազմակերպիչները հայտնում են Ադրբեջանում 98 քաղբանտարկյալների առկայության եւ ազատության մեջ գտնվող ակտիվիստների եւս ձերբակալության վտանգի հետ առերեսվելու մասին: Կազմակերպիչների կարծիքով' «Դարի պայմանագրի» 20-ամյա տարելիցի առնչությամբ Ադրբեջանի քաղաքացիները BP-ից պետք է պահանջեն Ալիեւի ռեժիմին կոչ անել ազատ արձակել քաղբանտարկյալներին:

 

«BP-ն Ադրբեջանի իշխանության առաջ պետք է բարձրացնի իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսների, Ռասուլ Ջաֆարովի եւ Ինթիգամ Ալիեւի հետ կապված հարցը եւ պահանջի երաշխավորել, որ ոչ մի իրավապաշտպան այլեւս չի ձերբակալվելու Ադրբեջանում: BP-ն պետք է դադարեցնի 2015 թվականին Բաքվում անցկացվելիք Եվրոպայի օլիմպիական խաղերի հովանավորչությունը», -նշել են նրանք: