Վիգեն Սարգսյանը պաշտոնավարման մեկ տարին ամփոփեց մամուլի ասուլիսով, որի ժամանակ անդրադարձավ պաշտպանական ոլորտի գրեթե բոլոր խնդիրներին։
Նախարարի կողմից իրավիճակի գնահատականը շատ դրական էր բոլոր առումներով, սա միանշանակ փաստում է, որ նախարարն այնքան էլ ակեղծ չէ։ Բանակում եղած թերությունները մնացել են նույնը, ու դրանում համոզվելու համար պետք չեն նոր ապրիլներ, ուղղակի պետք է աչքերը լայն բացել ու հաշվել՝ կոռուպցիոն դեպքերի, զինամթերքի և հրամանատարական բացթողումների քանակը նվազե՞լ է, թե՞ ոչ։ Նման առարկայական մոտեցումը նախարարի կողմից ավելի ականջահաճո կդիտարկվեր, քան ռոմանտիկ ժանրի հայտարարությունները։ Համակարգի հետ առնչվող և քիչ թե շատ իրավիճակից տեղյակ քաղաքացիները չեն կարող համաձայնել Վիգեն Սարգսյանի համոզմունքների հետ, հատկապես՝ ռուսական զինամթերքի մատակարարման և հրամանատարական կազմի բարելավման առումով։ Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին շրջանում Ռուսաստանի կողմից Հայաստան ներմուծվող զինամթերքի պաշարը չի կարող բավարարել պաշտպանական համակարգին, սակայն այսքանի հետ մեկտեղ՝ նախարարի նման դիրքորոշումը վկայում է, որ մեզ մնում է բավարարվել և զգուշորեն գոհունակություն ցուցաբերել, այլապես՝ կարող ենք եղածն էլ կորցնել։ Միևնույն ժամանակ, պատահական չէր, որ Վիգեն Սարգսյանը շեշտեց այն, որ Չինաստանի հետ զենքի առևտրի առումով բանակցություններ չեն ծավալվել, այսինքն՝ մեր միակ հենարանը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Ամեն դեպքում՝ լավ կլինի հերթով չանդրադառնալ Վիգեն Սարգսյանի առաջ քաշած դրույթներին, քանի որ՝ կամ նախարարը կորցրել է իրականության զգացումը, կամ էլ աչքակապությամբ է զբաղված, և աչքակապոցու թիրախն այս անգամ ոչ թե հայ հանրությունն է, այլ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Ադրբեջանի դեմ ինֆորմացիոն պատերազմն ունի իր կանոնները, որոնց անդրադառնալ պետք չէ, սակայն նախ, կռիվը տեղեկատվական դաշտ տեղափոխելուց առաջ, հարկավոր է լուծել ներհամակարգային խնդիրները, որպեսզի բանակում կարգապահություն հաստատվի, զինվորը սոված չքնի, և իշխանություններին փնովելուց առաջ՝ մեր հանրությունը վստահ լինի, որ սահմանն ամուր ձեռքերում է ու ոչ թե զինվորի քաջության շնորհիվ, այլ պետության կողմից ոլորտում արված բարեփոխումների։ Հենց այդ ժամանակ՝ նախարարի մեսիջները թշնամու կողմից լուրջ ահազանգ կդիտարկվեն։
Վաչիկ Գրիգորյան