Ադրբեջանի իշխանությունները երկրում խոսքի ազատության սահմանափակումների համար օրեցօր ավելի խիստ քննադատության են ենթարկվում միջազգային հանրության, հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Թբիլիսիում ԵԱՀԿ-ի կազմակերպած Հարավկովկասյան 11-րդ մեդիակոնֆերանսի բացման խոսքում Ադրբեջանում տիրող իրավիճակին հատուկ անդր ադարձավ Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը' նշելով, որ չի կարող լռել Ադրբեջանում ահագնացող իրավիճակի մասին: «Ադրբեջանից եկող ազդակները շատ մտահոգիչ են: Բոլոր մեր գործընկերները, ովքեր ներկայացնում են ազատ մամուլը եւ հասարակական կազմակերպությունները, այստեղ չեն: Ադրբեջանը միակ երկիրն է, որն արգելափակում է իր ներկայացուցիչներին' մասնակցելու այս համաժողովին: Հրապարակվում են կամ ճամփորդելու արգելքներ, կամ նրանք բանտարակված են»,-«Արմենպրես»-ի նշեց Դունյա Միյատովիչը:

 

ԵԱՀԿ ներկայացուցիչը հղում արեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսի հայտարարությանը, որով նա խստորեն դատապարտում էր Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հալածանքները:

 

Երկօրյա մեդիակոնֆերանսի մասնակիցները կքննարկեն թվային դարաշրջանում հեռարձակողների առջեւ ծառացած մարտահրավերները, առկա հնարավորություններն ու ռազմավարական դիլեմաները: Անդրադարձ կկատարվի Հարավային Կովկասում խոսքի ազատության ոլորտում վերջին զարգացումներին: Միջոցառումը միջազգային փորձագետների հետ մեկ սեղանի շուրջ է բերել Հարավային Կովկասի կառավարությունների, լրատվամիջոցների, հասարակական սեկտորի, գիտական շրջանակների 70 ներկայացուցիչների: