ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն փետրվարի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ի թիվս այլ հարցերի կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ալֆանոն փետրվարի 1-ին աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա:
«Հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվելու է 2018 թվականի աշխատանքային ծրագրին, այդ թվում ԵԱՀԿ-ի դերին համաեվրոպական մարտահրավերների արձագանքման, անվտանգության հարցերին, ինչպես նաև փոխվստահության վերականգնմանը, ահաբեկչության դեմ պայքարին: Նախատեսվում է նաև քննարկել ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը, մասնավորապես, Ուկրաինայում, Մերձդնեստրում և Հարավային Կովկասում»,- ասել է Զախարովան: