ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները նախ առանձին-առանձին հանդիպել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ, որին հաջորդել է համատեղ հանդիպումը: Այդ հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
 
Նշվում է, որ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուան ամփոփել է բանակցությունների արդյունքները մասնակիցների հետ: Համանախագահներին ընդունել են Ելիսեյան պալատում:
 
«Մասնակիցները երկու նախարարներին իրենց երախտագիտությունն են հայտնել գործադրվող ջանքերի համար՝ ուղղված ինտենսիվ բանակցություններին նպաստող եւ արդյունքներ արձանագրելուն միտված մթնոլորտի պահպանմանը:
 
Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ հետ և համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել:
 
Հանդիպման ընթացքում համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են բանակցային գործընթացի այս փուլի համար հիմնական սկզբունքներն ու պարամետրերը:
 
Նախարարներն ու համանախագահները քննարկել են Հայաստանի Ադրբեջանի առաջնորդների միջև հնարավոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ հաջորդ քայլերը՝ բանակցությունների դինամիկային ուժեղ ազդակ հաղորդելու համար:
 
Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը:
 
Համանախագահները նախատեսում են մոտ ժամանակներս հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ»,-ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ: