Տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կփորձեն հերթական անգամ պահպանել առկա փխրուն խաղաղությունը: Սակայն ավելի լուրջ արդյունքի նրանք չեն կարողանա հասնել, որովհետեւ երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի կնքման համար անհրաժեշտ է, որ կողմերը պատրաստ լինեն դրան: Իսկ այս պարագայում, Ադրբեջանի պահվածքը չի խ ոսում խաղաղության համաձայնագրի կնքման մասին:
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, նախորդ տարվա օգոստոսից տարածաշրջանում իրավիճակ է փոխվել եւ այդ կապակցությամ փոխվել են նաեւ համանախագահների տեքստերն ու ելույթները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, քաղաքագետն ընդգծում է, որ եթե նախկինում համանախագահները դիվանագիտորեն էին մոտենում հարցին եւ կոչ անում հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, ապա վերջին հայտարարություններում, ակնհայտ է, որ կոչ է արվում կողմերից մեկին դադարեցնել լարվածությունը եւ վստահության մեխանիզմներ ստեղծել:
«Իհարկե լարվածության նվազում ես չեմ ակնկալում: Կասկածանքով եմ վերաբերում նաեւ այն փաստին, որ կարճ ժամկետում հնարավոր է հասնել լուրջ զարգացումների: Սա ուղղակի փխրուն խաղաղության պահպանմանն է ուղղված»,- ասաց Մինասյանը: Ըստ քաղաքագետի, պատահական չէ, որ նույն ժամանակահատվածում տարածաշրջան է այցելում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը: Մինասյանը վստահ է, որ այցը ծրագրված է եղել նախապես եւ թե Բաքվում, թե Երեւանում քննարկման գլխավոր թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցով արդեն Երեւանում են: Փետրվարի 16-ին եռանախագահաները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահին եւ ԱԳ նախարարին: Երեւանում նախատեսվում է, որ համանախագահները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Երեւանից հետո համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ նախատեսվում է հանդիպում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԱԳ ախարար Կարեն Միրզոյանի հետ: