ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը:
Հոկտեմբերի 30-ին Ժնևում համանախագահները հանդիպել են առանձին և՛ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, և՛ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ:
Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը, Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը հաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում և հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում:
Չսահմանափակելով հրադադարի կամ այլ պարտավորությունների կատարումը` կողմերը պայմանավորվել են անհապաղ կատարել մի շարք քայլեր, ներառյալ.
- Կողմերը, միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, դիտավորյալ չեն հարձակվի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։
- Կողմերը ակտիվորեն մասնակցելու են ռազմի դաշտում աճյունների վերականգնման և փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին և PRCiO-ին տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ՝ աջակցելու համար։
- Կողմերը ԿԽՄԿ-ին և PRCiO-ին մեկ շաբաթվա ընթացքում կփոխանցեն ներկայումս կալանքի տակ գտնվող ռազմագերիների ցուցակը ՝ հետագա փոխանակումն ապահովելու նպատակով։
- Կողմերը գրավոր կտրամադրեն մեկնաբանություններ և հարցեր` կապված հրադադարի հաստատման հնարավոր մեխանիզմների հետ` համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի:
Կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակում են անցկացրել ՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։
Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ ՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։