ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում խոսքի ազատությանն ուղղված անդադար հետապնդումների առնչությամբ եւ դատապարտել մամուլի ազատության համար պայքարող մի շարք հասարակական կազմակերպությունների հանդեպ շարունակվող հետապնդումներն ու ձերբակալությունները:
Մասնավորապես, Միյատովիչն անդրադարձել է «Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտ»-ի գրասենյակ տնօրեն, լրագրող Էմին Հուսեյնովի ձերբակալությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը, օգոստոսին 8-ին մի խումբ անձինք հարձակվել են գրասենյակի վրա: Միաժամանակ Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացուցիչները կազմակերպության ղեկավար Էմին Հուսեյնովի մոր բնակարանում որոնողական աշխատանքներ են կատարել եւ առգրավվել լրագրողի անձնական համակարգիչը: Օգոստոսի 5-ին Բաքվի օդանավակայանում ստեղծվել են խոչընդոտներ եւ Հուսեյնովին արգելել են ուղևորվել Ստամբուլ, որտեղ նա պետք է բժշկական զննություն անցներ:
«Նախազգուշացումները, Հուսեյնովի ընտանիքին ուղղված ահաբեկությունները հերթական անգամ փաստում են Ադրբեջանում մամուլի ազատության իրավիճակի լայնածավալ վատթարացման մասին: Հետապնդումների թիրախում են հատկապես անկախ լրագրողները, խոսքի ազատության համար պայքարող փաստաբաններն ու բլոգերները»,- հայտարարել է Միյատովիչը: «Ես եւս մեկ անգամ կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի դադարեցնեն մամուլի ազատության հանդեպ ճմշումները»,- հայտարարել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:
Օգոստոսի 6-ին Դունյա Միյատովիչը նամակ էր հղել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին' խնդրանքով, որ երկրից բացակայության արգելանքը հանվի եւ Հուսեյնովը կարողանա անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալ: Սակայն այդ արգելանքը չի հանվել, սառեցվել են նաև կազմակերպության բանկային հաշիվները: Միյատովիչը հիշեցրել է, որ ներկա դրությամբ բանտում են հայտնվել զանգվածային լրատվության 10 ներկայացուցիչ:
Միյաատովիչը շեշտել է, որ ադրբեջանցի լրագրողների հարցը գտնվում է իր ուշադրության կենտրոնում եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում սպասվելիք իր այցը Բաքու կլուծի այդ առնչությամբ մի շարք հարցեր: