Գավառի թիվ 3 մանկապարտեզի սաները նոր ուսումնական տարին դիմավորեցին նոր ու բարեկարգ շենքում այն բանից հետո, երբ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գավառի մասնաճյուղը դադարեցրեց իր գործունեությունը համայնքային սեփականություն հանդիսացող շենքի տարածքում, որը ժամանակին վարձակալել էր կրթական հաստատությունը նույն մանկապարտեզի շենքի մի հատվածում եւ ենթարկել հիմնանորոգման:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, մանկապարտեզն այժմ տեղափոխվել է ավելի բարեկարգ ու հարմարավետ պայմաններ ունեցող նախկին Եւրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի շենք, ինչն առավել կնպաստի երեխաների ուսումնադաստիարակչական առօրյան լիարժեք կազմակերպելուն:

 

Գավառ քաղաքի քառամյա զարգացման ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ հիմնանորոգել թիվ 3 մանկապարտեզի շենքը, քանի որ քաղաքում արդեն նկատվում է նախադպրոցական տարիքի երեխաների աճ: Այս պահի դրությամբ Գավառի թիվ 3 մանկապարտեզն ունի 3 նախադպրոցական խումբ' 100 սանով, իսկ չորրորդ խումբը ձեւավորման փուլում է:

 

Խոսրով Խլղաթյան